Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը մեկնում է Բրյուսել


Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով ժամանում է Բրյուսել: Նախարարի այցի օրակարգում երկու կարեւոր հարց կա՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում գործողությունների ծրագրի ստորագրումը եւ ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումը:

Եվրամիությունը Հայաստանի հետ գործընկերության եւ համագործակցության պայմանագիր է ստորագրել դեռեւս 1999 թվականի հուլիսի 1-ին, եւ հիմա Հայաստանը մեկ աստիճանով ավելի է մոտենալու Եվրամիությանը, երբ ստորագրի գործողությունների ծրագիրը, ինչը Հայաստանին շոշափելի օգնություն կարող է տալ՝ մասնավորապես, եվրոպական շուկաները ավելի մատչելի դարձնելով հայկական ապրանքների համար:

Բացի Հայաստանից, Եվրամիության հետ գործողությունների ծրագիր են ստորագրելու նաեւ հարեւան երկրները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը:

Ստորագրության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը:

Նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը:

Նախարարները մինչեւ բրյուսելյան հանդիպումը հանդես են եկել զգուշավոր հայտարարություններով:

«Սեղանի վրա կան, իսկապես, քննարկելիք հարցեր, եւ առանց բարձր ակնկալություններ ունենալու, համենայն դեպս, որոշ հետաքրքրությամբ եմ ես մեկնում Բրյուսել՝ հույս ունենալով միշտ, որ կկարողանանք մեր դիրքորոշումները մերձեցնել եւ իսկապես ստեղծել պայմաններ նախագահների հանդիպման համար այս տարվա ընթացքում», - ասել է Վարդան Օսկանյանը:

Գրեթե նույնպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. - «Համանախագահները Մոսկվայում նոր գաղափարներ են առաջարկել: Մենք եկանք այն եզրահանգման, որ սկզբունքորեն հնարավոր է աշխատել դրանց վրա»:

Իսկ այսօր Եվրամիությունում տեղի կունենա ընդունելություն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համար:


Հրայր Թամրազյան, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG