Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանն ընդունեց փոքրամասնությունների սեփականության իրավունքներին վերաբերող օրենքը


Ամիսներ տեւած բուռն բանավեճերից հետո, Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը ընդունել է ոչ մահմեդական փոքրամասնությունների սեփականության իրավունքները կարգավորող օրենքը:

Եվրամիությունը Թուրքիայից պահանջում էր ընդունել փոքրամասնությունների սեփականության իրավունքներն ընդլայնող օրենք: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, ընդունված օրենքը, հավանաբար, չի արդարացնի Եվրամիության ակնկալիքները:

Օրենքի ընդունման նախորդ օրը Եվրահանձնաժողովը զեկույց էր հրապարակել Թուրքիայի մասին, որում, մասնավորապես, կոչ էր անում ընդլայնել կրոնական փոքրամասնությունների իրավունքները:

Եվրամիությունը քննադատել էր նաեւ կրոնական հաստատությունների մասին օրինագիծը՝ շեշտելով, որ դրանով չի կարգավորվում պետության կողմից առգրավված եւ հետագայում որեւէ երրորդ կողմի վաճառված գույքի փոխհատուցման հարցը:

Հիմնական փոքրամասնությունները, որոնց վերաբերելու է ընդունված օրենքը, երկրի հունական, ասորական եւ հայկական համայնքներն են, ինչպես նաեւ բողոքական եւ կաթոլիկ միաբանությունները:

Նույն օրը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, թե կուսակցությունը դիտարկում է երկրի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը փոփոխելու հնարավորությունները:

Միաժամանակ, կուսակցության անանուն ներկայացուցիչը հայտարարել է, թե «ընդհանուր առմամբ՝ հոդվածի հետ կապված լուրջ խնդիր չկա, միակ խնդիրը դրա մեկնաբանությունն է, եւ ոչ մեծ փոփոխություն կլինի՝ կանխելու համար հոդվածի տարբեր մեկնաբանությունները»:

Եվրամիությունը խստորեն քննադատում է «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար քրեական պատիժ սահմանող հիշյալ հոդվածը՝ պնդելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը եւ խոչընդոտ է հանդիսանում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացում:

Թուրքիայի տասնյակ մտավորականներ, այդ թվում գրականության բնագավառում 2006 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը, գրող Էլիֆ Շաֆաքը, դատարանի առջեւ են կանգնել 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով: Հրանտ Դինքը դատապարտվել է 6 ամսվա պայմանական ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG