Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Խոչընդոտ չեմ տեսնում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման ճանապարհին»


«Բոլոր նախնական չափորոշիչները, որոնք դրված են եղել Միացյալ Նահանգների կողմից, իրականացրել ենք, եւ դեռ ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում ներկայումս, որը կարող է խանգարել ծրագրի իրականացմանը», - հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում մեկնաբանելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման ընթացքը:

Հինգշաբթի օրը Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ Թոմաս Ադամսը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հայտնել է, որ Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում հաջորդ տարվա համար ընդգրկվել է, բայց՝ վերապահումներով:

Հիշեցմանը, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնության տրամադրումը Հայաստանին՝ քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով, նախարարը արձագանքեց. - «Չեմ կարող վերլուծել դա: Ուզում եմ ասել, որ մենք՝ իշխանությունները, իհարկե, ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր չափորոշիչները՝ եւ ժողովրդավարության առումով, եւ խոսքի ազատության առումով, իրականացնենք: Բայց որքանո՞վ է դա համապատասխանում իրենց չափորոշիչներին՝ հարցական է»:

Հովիկ Աբրահամյանը «չի ուզում կարծել», որ Հայաստանի հնարավորությունները ինչ-որ պահի կարող են չհամընկնել հիշյալ չափորոշիչներին. - «Ուզում եմ կարծել, որ կհամապատասխանեն, եւ ամեն ինչ պետք է անենք, որ համապատասխանեն»:

«Մենք ի տես բոլորի ամեն ինչ անում եւ անելու ենք, որպեսզի ընտրությունները, մեր լիազորությունների սահմաններում, իրականանան ազնիվ, թափանցիկ», - հայտարարեց նախարարը՝ ամփոփելով. - «Փորձելու ենք դա անել, եւ ես լավատես եմ»::


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG