Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ի պատգամավորները դիմել են դատախազություն


Ազգային ժողովում «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորները երկուշաբթի օրը դիմել են գլխավոր դատախազություն, որպեսզի իրավապահների օգնությամբ պարզեն, թե ով է ի վերջո «իրենց դեմ սեւ քարոզչություն իրականացնում»:

«Մեր այն տեղեկությունները, որ դա իրականացվում է Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի կողմից, հայտնեցինք», - երեքշաբթի օրը հարցի նախապատմությանը անդրադարձավ «Օրինաց երկիր»-ի փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Շահգելդյանը: - «Դրանից հետո Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք չեն: Եղել էր նախագահի մամլո քարտուղարի հայտարարությունը այն մասին, որ դա իրենք չեն: Եվ այստեղ բավականաչափ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. ո՞վ Հայաստանի Հանրապետությունում ունի այնքան ուժ եւ իշխանություն, որպեսզի հեռուստաընկերություններին տա այսպիսի նյութեր»:

Պատգամավոր Հեղինե Բիշարյանի հավաստմամբ, հեռուստաալիքների (հիմնականում` մարզային) ներկայացուցիչները իրենց ասել են, որ եթե գործը հասնի դատարան, իրենք վկայություն կտան, որ այս ամենի հետեւում կանգնած են Հանրապետական կուսակցության առաջին դեմքերը՝ Սերժ Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը:

«Սեւ քարոզչությունը» «Օրինաց երկիր»-ում ընկալվում է հետեւյալ համատեքստում` չափազանց հաճախ է խոսվում կուսակցության գրասենյակի մասին, տեսանյութեր են հեռարձակվում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի տան մասին եւ այլն:

«Բոլոր կուսակցությունները ունեն գրասենյակներ, ունեն հնարավորություններ», - ասաց Բիշարյանը: - «Խնդիրն այն է, որ շահարկվում է` «Օրինաց երկիր»-ը ունի գրասենյակ: Իսկ ինչո՞ւ պետք է չունենար... Կամ [շահարկվում է]` Արթուր Բաղդասարյանը ապրում է բնակարանում: Մինչեւ Ազգային ժողովի նախագահ լինելը Արթուր Բաղդասարյանը ավելի շքեղ բնակարանում էր ապրում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG