Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց «Ուիլթըն Փարք»-ի խորհրդաժողովը


Երեւանում այսօր մեկնարկեց «Հարավային Կովկաս. տարածաշրջանի ընկալումը եւ մարտահրավերները» թեմայով խորհրդաժողովը, որը անցկացնում է աշխարհի ամենահեղինակավոր կենտրոններից մեկը` «Ուիլթոն Փարք»-ը:

«Ուիլթըն Փարք»-ը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությանը կից ակադեմիական հաստատություն է, եւ խորհրդաժողովի անցկացումը Երեւանում, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի բնորոշմամբ`վստահության դրսեւորում է Հայաստանի նկատմամբ:

«Թեման վերաբերում է Կովկասին` որպես տարածաշրջան», - լրագրողներին ասաց Վարդան Օսկանյանը: - «Եվ գաղափարը, կարծում ենք, ճիշտ է` քննարկումը անցկացնել հենց այս տարածաշրջանում: 15 տարի է անցել, որ արդեն Կովկասի երեք հանրապետությունները անկախ պետություններ են, հետաքրքրական փորձ է կուտակվել»:

Խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ Վրաստանի փոխարտգործնախարար Գեորգի Մանչկալաձեն, իսկ Ադրբեջանը ներկայացնում էր այդ երկրի հասարակական կազմակերպություններից մեկը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քենթորի գնահատմամբ, խորհրդաժողովի անցկացումը Հարավային Կովկասում, Հայաստանի կառավարության եւ Լոնդոնում հայաստանյան դեսպանատան ավելի քան երկամյա աշխատանքի արդյունքն է:

«Հիմնականում քննարկվելու են 15-ամյա անկախության ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ապագա առաջընթացը, տարածաշրջանային խնդիրները, դրանց լուծման ճանապարհները գտնելու հարցեր», - ասաց դեսպանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` դեսպանն ասաց. - «Սա Հարավային Կովկասի խնդիրներից մեկն է, իհարկե` ոչ միակը: Հույս ունեմ, որ խորհրդաժողովը օգտակար կլինի երեք երկրների համար այդ հակամարտությունները կարգավորելու գործում: Օգտակար կլինի Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի համար նաեւ տնտեսական ու առեւտրային առումով: Եթե ծառացած խնդիրները հաղթահարվեն, ապա տարածաշրջանում կայունություն կհաստատվի»:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին անդրադարձավ նաեւ խորհրդաժողովին մասնակիցներից Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Թալվիթիեն` ասելով, թե «առաջընթաց տեսնում է». - «Շատ կարճ ժամանակահատվածում կողմերը համանախագահների հետ պետք է հասնեն համաձայնության: Ես առայժմ լավատես եմ: Դա շատ երկար գործընթաց է, եւ պետք է ջանքեր գործադրել»:

Թալվիթիեն կարեւորեց նաեւ հայաստանյան առաջիկա ընտրությունները` նշելով, թե «ընտրությունները միշտ էլ կարեւոր են». - «Եթե դրանք արդար են եւ ազատ, նման հասարակությունում իշխանափոխությունը լինելու է խաղաղ, եւ ժողովուրդն է որոշելու երկրի ճակատագիրը»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG