Մատչելիության հղումներ

Ռահմոնովը Տաջիկստանը կղեկավարի առնվազն եւս 7 տարի


Երկուշաբթի օրն անցկացված ընտրություններում երկրորդ 7-ամյա ժամկետով Տաջիկստանի նախագահ է վերընտրվել գործող նախագահ Էմոմալի Ռահմոնովը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Տաջիկստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզոալի Բոլտուեւը, ըստ նախնական տվյալների, Ռահմոնովը ստացել է ընտրողների 76,4 տոկոսի ձայները:

Քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված 3,4 միլիոն ընտրողների 91 տոկոսը:

Ռահմոնովի 4 մրցակիցները միասին ստացել են ընտրողների 22,3 տոկոսի քվեները:

Գործող նախագահի վերընտրվելը կասկած չէր հարուցում ոչ տեղական, ոչ էլ արտասահմանյան փորձագետների մոտ:

54-ամյա Էմոմալի Ռահմոնովը երկրի փաստացի ղեկավարն է 1992 թվականից ի վեր, երբ ընտրվել էր Տաջիկստանի Գերագույն խորհրդի նախագահ: 1994 թվականին Ռահմոնովը նախագահ էր դարձել 5 տարի ժամկետով, իսկ 1999 թվականին՝ երկրի Սահմանադրությունում կատարված փոփոխություններից հետո, վերընտրվել էր արդեն 7-ամյա ժամկետով: 2003 թվականին կրկին փոփոխություն է կատարվել երկրի հիմնական օրենքում, որը նախագահին հնարավորություն է տվել 7-ամյա ժամկետով վերընտրվել երկու անգամ անընդմեջ: Այդպիսով, Ռահմոնովը կարող է եւս մեկ անգամ առաջադրվել 2013 թվականին եւ հաջողության դեպքում երկիրը կառավարել մինչեւ 2020 թվականը:

Ռահմոնովին վերագրվող ձեռքբերումներից է 1992-2000 թվականների արյունահեղ քաղաքացիական պատերազմի ավարտը: Այդ պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 150 հազար մարդ, եւս 1 միլիոն մարդ փախստական է դարձել:

ԱՊՀ-ի դիտորդները այսօր տարածած հայտարարությունում Տաջիկստանի նախագահական ընտրությունները որակել են ազատ, բաց եւ թափանցիկ, երկրում գործող ընտրական օրենսդրությանը համապատասխանող:

Ընտրություններին չի մասնակցել երկրի քաղաքական ընդդիմությունը:

Միաժամանակ, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բյուրոյի եւ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները հայտարարել են, որ նոյեմբերի 6-ի նախագահական ընտրությունները «ամբողջովին չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի չափանիշներին» եւ «թույլ չեն տվել ամբողջությամբ ստուգել ժողովրդավարական պրակտիկան Տաջիկստանում»:

Մասնավորապես, այսօր Դուշանբեում կայացած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Կիմմո Կիլյունենը շեշտել է, որ ընտրությունների ժամանակ չի եղել «լուրջ մրցակցություն», «համոզիչ այլընտրանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG