Մատչելիության հղումներ

Վրաստանին վաճառվող գազի սակագնի բարձրացումը «որեւէ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա»


Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե Վրաստանի համար ռուսական գազի սակագների բարձրացումը որեւէ ազդեցություն չի ունենա Հայաստանի վրա:

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը այս շաբաթ հայտարարեց, որ մտադիր է վերանայել Վրաստանին մատակարարվող գազի սակագինը 2007 թվականի հունվարի 1-ից՝ բարձրացնելով այն մինչեւ 230 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, նախկին 110 դոլարի փոխարեն:

Բացի այդ, երբ այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանը համարյա կրկնապատկեց Վրաստանին եւ Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, վրացական կողմը հայտարարեց տարանցիկ փոխադրման սակագինը բարձրացնելու մասին:

«Հայռուսգազարդ»-ի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պնդեց, որ Հայաստանի համար գազի սակագինը «կմնա անփոփոխ», քանի որ, ըստ կնքված պայմանագրի, «Հայաստան ներկրվող գազի գինը 110 դոլար է սահմանի վրա մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը ներառյալ»:

Ինչ վերաբերում է Վրաստանի կողմից Հայաստանի գազի տարանցման համար գանձվող գումարի ավելացման հնարավորությանը, ապա, ըստ «Հայռուսգազարդ»-ի խոսնակի, տարանցման համար վճարում է մատակարար ընկերությունը՝ «Գազպրոմ»-ը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG