Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին`«Իրավունք»-ի գլխավոր խմբագիրն այսօր փոխանցել է, թե Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան վերջին այցի ընթացքում «նույնպես քննարկվել է Սերժ Սարգսյանի ապագա նախագահության աննպատակահարմարության հարցը, ինչը էլ ավելի պետք է արագացնի Ռոբերտ Քոչարյանի գործողությունները ընդդեմ նորացված ՀՀԿ-ի». - «Եվ այդ «արագացման» հոտն առել են նաեւ իշխանական բոլոր թեւերում: Այդ ամենը ցույց է տալիս, որ «սուպերնախարարի» քաղաքականապես դուրսգրման ժամանակները մոտենում են, եւ դրանում իր լուման, կարծես թե, ունենում է Ռոբերտ Սեդրակիչի ականջին կարեւոր բաներ ասած Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Եվ այդ հարցում Ռուսաստանն ունի շատ պրագմատիկ դրդապատճառ, քանի որ Ռոբերտ Քոչարյանի վերջին այցը, կարծես թե, դառնում է կոմպլեմենտարիզմի վերջի սկիզբ. ռուսներին անհրաժեշտ է, որպեսզի մեր բարդ տարածաշրջանի հարցերը հաշվի առնելով՝ գործ ունենան Հայաստանի ոչ թե երկու, այլ մեկ տիրոջ հետ»։

2007-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` «Հայոց Աշխարհ»-ն այսօր իր դիտարկումները փոխանցելով այն մասին, թե որ քաղաքական ուժն ինչպես է գնալու ընտրությունների, փաստել է. - «Արդեն իրեն զգացնել տվող խորհրդարանական ընտրապայքարի «նախերգանքը» արձանագրում է հետեւյալ հետաքրքիր օրինաչափությունը. փաստորեն, բոլոր կուսակցությունները մտածում են ոչ թե այն հարցի մասին, թե ի՞նչ նոր գաղափարներ ու քաղաքական ծրագրեր են առաջարկելու երկրին ու ժողովրդին, այլ` ով ում հետ է գնալու ընտրությունների»։

«Առավոտ»-ի խմբագրականը, իր հերթին, նախընտրական խնդրադրումները զուգահեռելով, հարց է տվել. - «Ի՞նչն է հեշտ՝ ստեղծել կենսունակ քաղաքական համակա՞րգ, որտեղ մրցելու են ծրագրերն ու գաղափարները, թե՞ խարդավանքների միջոցով քանդել ընդդիմադիր կուսակցությունները, որպեսզի ընտրությունը կատարվի 2,5 իշխանամետ խմբավորումների միջեւ։ Առաջինը ոչ միայն դժվար է, այլեւ իշխանությունների համար չափազանց ոչ ձեռնտու: «Վերեւներում» նստած խավարասերները շատ լավ գիտեն մարդկային մանր կրքերի՝ փողասիրության եւ փառամոլության ուժը, եւ այդ ուժը օգտագործում են կուսակցություններ քանդելու համար։ Այդպես են քանդվել Կոմկուսն ու ԱԺՄ-ն։ Հիմա հերթը հասել է, կարծես, «Սահմանադրական իրավունք» միությանը»։

«Քոչարյանի աշխարհազորը համալրվում է» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն ուրվագծել է հնարավոր քաղաքական դաշինքներից մեկի պատկերը՝ շեշտադրելով. - «Հայաստանում փորձ է արվում կեղծ ընդդիմադիր դաշտի մանր-մունր կուսակցություններից ռուսամետ «երրորդ բեւեռը» ստեղծել, եւ դատելով ամեն ինչից, այդ բեւեռը իսկապես աջաբսանդալ է լինելու։ Այնտեղ կարող են հայտնվել, ասենք, Արամ Գասպարիչն ու Արամ Կարապետյանը, այս երկուսն, իրենց հերթին, ՍԻՄ-ի թաթիկից բռնած կարող են մտնել Սամվել Բաբայանի «զոնտիկի տակ», հետագայում այստեղ կարող է հայտնվել ՕԵԿ-ը»։ «Եվ այս աջաբսանդալն իսկապես կարող է 2007-ի ընտրություններում երրորդ տեղը զբաղեցնել։ Մի խոսքով` Սամվել Բաբայանը «զորք է հավաքում»։ Ավելի ճիշտ՝ աշխարհազոր», - գնահատել-ամփոփել է մեկնաբանը։

«Օրինաց երկիր» շաբաթաթերթի մեկնաբանը, նկատելով, թե բյուջե 2007-ը տարբերվելու է նախորդներից, քանի որ «գլուխները կորցրած պատկան մարմիններին ստիպելու է էլ ավելի մեղմ եւ անտարբեր մնալ հարկատու կոչվողների նկատմամբ»` ընդգծել է. - «Փողոտ քարոզարշավի են լծվելու ոչ միայն օլիգարխիկ շրջանակները, այլեւ արդեն իսկ նախընտրական տրամադրություններով ապրող քաղաքական դաշտի գերակշիռ մասը: Նման իրավիճակում բոլորովին էլ պատահական չէ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի այն պնդումը, թե ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը կարող է կրկին ԱԺ գալ եւ փոխել օրենքը: Սա էլ իր հերթին վկայում է, որ հայրենի կառավարությունն անգամ չի հավատում իր իսկ ներկայացրած նախագծի լիարժեքությանը եւ դրա համար պատրաստ է պատասխանատվություն կրել լավագույն դեպքում մինչեւ առաջիկա մայիս ամիս»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Gallup կազմակերպությունը հարցումներ է անցկացրել Հայաստանի բնակչության շրջանում՝ պարզելու համար, թե ընտրողների կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի պատգամավորի թեկնածուն: Հարցման մասնակիցների 31 տոկոսի կարծիքով, պատգամավորի թեկնածուն առաջին հերթին պետք է լինի ազնիվ: Նույնքան մարդ կարծիք է հայտնել, որ պատգամավորի թեկնածուն պետք է լինի անկողմնակալ: Հաջորդ տեղում ժողովրդավարական աշխարհայացքն է:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG