Մատչելիության հղումներ

Օլի Ռեն. «Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար»


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը ֆրանսիական «Լիբերասիոն» թերթի հարցազրույցում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար:

Ռենը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի հետ բանակցությունները պետք չէ առկախել, «եթե Թուրքիան անի այն, ինչ պետք է անի», եւ Եվրամիությանը հորդորել է «արդարացիորեն» վերաբերվել Թուրքիային:

«Մենք պետք է տեր կանգնենք Թուրքիային տված մեր խոստումներին, եթե ակնկալում ենք, որ նա հարգի հիմնարար ազատությունների, խոսքի, դավանանքի ազատության վերաբերյալ Եվրամիության չափանիշները», - հայտարարել է Օլի Ռենը եւ հավելել. - «Մենք թերագնահատում ենք Թուրքիայի կարեւորությունը»:

«Turkish Daily News» օրաթերթի փոխանցմամբ, Ռենը, նշելով, թե որոշակի «արատավոր շրջան» է ձեւավորվել՝ պայմանավորված, մի կողմից, թուրքերի մոտ լայնորեն տարածված կարծիքով, որ Եվրամիությունում չեն ցանկանում Թուրքիայի մուտքը, իսկ մյուս կողմից՝ Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումներով Եվրամիության հիասթափվածությամբ, հայտարարել է. - «Մենք պետք է խախտենք այդ արատավոր շրջանը, այլապես չենք հասնի որեւէ առաջընթացի: Մենք դրան չենք հասնի նաեւ բանակցություններն առկախելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG