Մատչելիության հղումներ

Ըստ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերլուծաբանների, Ռուսաստանը սկսել է իրականացնել ավելի վստահ արտաքին քաղաքականություն


Ռուսաստանը սկսել է ավելի վստահ եւ «հարձակողական» արտաքին քաղաքականություն իրականացնել, ավելացնում է հզոր սպառազինությունների գնումները եւ վերջին տարվա ընթացքում 22 տոկոսով մեծացրել է իր ռազմական բյուջեն: Այս մասին ասված է Վաշինգտոնում տարածված տեղեկանքում, որը ամերիկացի օրենսդիրների համար պատրաստել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտական ծառայությունը:

Վերլուծաբանների կարծիքով, այդ փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանն այժմ իրեն ընկալում է որպես «էներգետիկ գերտերություն»:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, տեղեկանքում ասված է, որ Ռուսաստանը կարողացել է սկսել զինված ուժերի ամրապնդումը շնորհիվ տնտեսության ամրապնդման եւ էներգետիկ եկամուտների աճի:

«Պուտինը խոստացել է ամրապնդել եւ արդիականացնել զինված ուժերը եւ, թերեւս, հաստատապես մտադրված է դա անել», - ասված է փաստաթղթում:

«Հզոր սպառազինությունների գնումները, որոնք գործնականում դադարեցվել էին 90-ականներին, սկսել են ավելանալ՝ նավթային դոլարների Մոսկվա ներհոսքին եւ պաշտպանական ծախսերի աճին զուգընթաց», - ասված է ԱՄՆ-ի Կոնգրեսի հետազոտական ծառայության տեղեկանքում: - «Ռուսաստանի պաշտպանական բյուջեն կազմում է 24 միլիարդ դոլար՝ դաշնային բյուջեի շուրջ 150 միլիարդ դոլար ընդհանուր ծավալում»:

Միաժամանակ, նշվում է, որ Ռուսաստանի ռազմական ծախսերի ծավալը «շատ ետ է մնում ամերիկյան մակարդակից այսօր կամ խորհրդային մակարդակից՝ անցյալում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG