Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը «Սիրուց մինչեւ ատելություն …» վերնագրի ներքո գրում է. - «Հետզհետե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նույն կոալիցիայում միասին աշխատելու երեք տարիները ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի համար երբեք չեն եղել փոխադարձ սիրո եւ համերաշխության տարիներ: Կամ էլ այդ կուսակցությունների ներկայացուցիչները նոր են գլխի ընկել, թե ինչպիսի հրեշների հետ էին կոալիցիա կազմել»:

«Ալիեւը ռուսամետանում է» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագրականը բաղդատել է. - «Ի տարբերություն Սահակաշվիլու, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, մի շարք պատճառներով, երբեւէ աչքի չեն ընկել իրենց երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումները հստակորեն բարձրաձայնելուց՝ գրեթե միշտ «յոլա գնալով» ամորֆ, ոչինչ չասող ձեւակերպումներով։ Ավելին, նրանք հաճախ խուսափում են ոչ միայն կարեւոր ռազմավարական նպատակների, այլեւ առանձին տարածաշրջանային կամ տեղային բնույթի խնդիրների հրապարակային արծարծումից»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցին անդրադառնալով, փոխանցել է, թե «այդ ընթացքում բավական բարդ խոսակցություն է տեղի ունեցել ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ, ինչին էլ Վլադիմիր Պուտինը չափազանց լուրջ է նախապատրաստվել»։ Շեշտելով, թե Կրեմլը Վրաստանի ինքնավստահ ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիին «ճնշելու» ուղիներ է որոնում»` թերթը գրել է. - «Պուտինի «խնդրանքները» բարդագույն հարցերի առաջ են կանգնեցնելու Հայաստանին, քանի որ եթե Հայաստանը հաջողացնի հարաբերությունները փչացնել եւս մեկ հարեւանի հետ, ապա հետեւանքների մասին նույնիսկ չարժե խոսել։ Մյուս կողմից, Ռուսաստանը Հայաստանին այս կամ այն քայլին դրդելու լծակների պակասություն բոլորովին չի զգում»։

«168 ժամ» թերթի խմբագրականն այսօր անդրադարձ անելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե «ամոթ է, որ Ռուսաստանն իր ռազմավարական գործընկեր երկրի տնտեսության մեջ ներդրումների ծավալով չի գրավում առաջին տեղը»` հակադարձել է. - «Ռուսաստանի նախագահի համար դա միգուցե «թասիբի» հարց է։ Սակայն, վատ զգալու տեղ չկա. փոխարենը նրա երկիրը Հայաստանի տնտեսության ողնաշարը հանդիսացող էներգետիկ համակարգի 80 տոկոսը եւ շատ այլ կառույցներ նվեր է ստացել իր ռազմավարական գործընկերոջից»: Իսկ միգուցե նաեւ ռուսներին հնարավորություն տրվի «ներդրումներ» անել «Իրան -Հայաստան» գազամուղո՞ւմ։ Վերջիվերջո, հո չե՞նք թողնելու, որ ռազմավարական գործընկերն իրեն վատ զգա։ Մեզ համար էլ է թասիբի հարց»։

«Իրավունք» թերթի մեկնաբանը 2007 թվականի ընտրություններին ընդառաջ փորձել է գնահատել ապագա պատգամավորի մանդատի գինը. - «Անկախ այն հանգամանքից՝ ընդդիմադիր թե՞ իշխանական կուսակցություն կամ գործիչ է մասնակցում ընտրություններին, միեւնույն է, բոլորն էլ որոշակի գումարներ են ծախսում։ Այլ հարց է, որ ընդդիմության ծախսերը քարոզչական բնույթի են, իսկ իշխանությունները հիմնականում ընտրակաշառային հատկացումներին են ուշադրություն դարձնում` կլինի դա «տուկի թելի» կամ էլ կանխիկ դրամի տեսքով։ Տարբեր հաշվարկներով՝ 2007-ի ընտրություններում կուսակցությունները յուրաքանչյուր ընտրողի վրա կծախսեն 0,2-ից մինչեւ 30 դոլար։ Այսինքն, ընդհանուր առմամբ 300 հազարից մինչեւ 30 միլիոն դոլար ամեն մի կուսակցություն կհատկացնի ընտրարշավին»։

Արձանագրելով կիրակի օրը Աջափնյակում կայացած թաղապետական ընտրություններում ընտրողների պասիվության փաստը` «Ազգ» թերթի մեկնաբանն այսօր նկատել է. - «Ընդամենն ապացուցվեց, որ մեծ հաշվով բնակիչները թքած ունեն ընտրություն կոչված նշանակման վրա, եւ դա հասկանալի էր, քանի որ ընտրության ինստիտուտի հանդեպ հայ մարդկանց հասկանալի անտարբերությանն այս անգամ գումարվել էր իրեն անտեսելու մի նոր ատրիբուտ եւս. աննախադեպ բան էր եղել` այն մարդիկ, ովքեր շանս ունեին առաջացնելու բնակչության հետաքրքրությունը, հարկադրված էին չառաջադրվել: Առհասարակ` մեր երկրում քանի գնում, ավելի եւ ավելի է դժվարանում ընտրությունների մեխանիզմով իշխանություն ձեւավորելը, որքան էլ խոսենք Վենետիկի հանձնաժողովից, ժողովրդավարական ընտրությունների թեմայով ամենօրյա ասուլիսներ անենք եւ «արդար-թափանցիկի» մասին արեւածաղկի սերմ չրթենք: Իշխանությունը բաշխվում, վերաբաշխվում եւ կրկնաբաշխվում է պայմանավորվածությունների արդյունքում, սա վաղուց արդեն հայտնի փաստ է»:

Վերստին Աջափնյակի թաղապետական ընտրության թեման արծարծելով`«Չորրորդ իշխանություն» թերթն այսօր ընդհանրացրել է. - «Փորձը ցույց է տալիս, որ եթե իշխանությունների ներսում ջենտլմենական համաձայնություն է ձեռքբերվում, եւ քվոտաները նախապես են որոշվում, ավելորդ ծախսերի կարիք չի լինում, եւ հնարավոր է լինում խնայել «օբշչագի» փողերը… Ինչ վերաբերվում է Աջափնյակի ընտրություններին ընտրողների 25 տոկոս ակտիվությանը, ապա սա շատ կարեւոր ցուցանիշ է եւ ցույց է տալիս իշխանությունների ողջ ռեսուրսի ծավալը»:

«Իմ իրավունքը» թերթի գլխավոր խմբագիրը, այսօր հայացք նետելով մայրաքաղաքի ամիսներ շարունակ քարուքանդ արված Կոմիտաս փողոցին, իր զարմանքն է փոխանցել` շեշտադրելով. - «Մի՞թե հավատալու բան է։ Որեւէ քաղաքակիրթ երկրում հավատալի կլինե՞ր մի իրավիճակ, երբ պատասխանատուները մտադրվեն վերանորոգել այս կամ այն փողոցը, սակայն, դրա համար անհրաժեշտ բոլոր քայլերը արած չլինեն ու մի քանի ամիս կեղտի, փոշու եւ դժոխային անհարմարությունների մեջ նետեին հազարավոր մարդկանց... Իսկ մեզանում պաշտոնյաները վստահ են ոչ միայն իրենց անպատժելիության, այլեւ բնակչության «ըմբռնումով» վերաբերվելու մեջ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG