Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 28-ը հոկտեմբերի)

Հայաստանյան մամուլը շաբաթ օրը շարունակել է անդրադառնալ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքներին։ «Հայք»-ի խմբագրականը, մասնավորապես, շեշտադրել է. - «Բարոյական անկումը, որի մեջ հայտնվեց հայ ժողովուրդը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, շարունակվում է առ այսօր»։ «Այս յոթ տարիներին ազատ եւ պատասխանատու քարոզչամեքենան կարողացավ քողարկել ու անզուգական քնքշությամբ գուրգուրել ահաբեկչության կազմակերպիչներին եւ վարկաբեկել ահաբեկչության զոհերին ու նրանց հարազատներին։ Եվ զարմանում ենք, թե ինչպես եղավ, որ կարճ ժամանակահատվածում ինքնահաստատվեցին բոլոր թափթփուկները, եւ ասպարեզից վերացան արդարության համար պայքարողները», - գրում է թերթը՝ հավելելով. - «Իզուր ենք զարմանում: Այսպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ազատ միտքն ու արժանապատիվ կյանքի ձգտումը քնած կմնան ձեռնասուն քարոզչամեքենայի միալար բզզոցի տակ»։

Իր հերթին, «168 ժամ»-ի մեկնաբանն առանձնացրել է. - «Ակնարկները, թե ոճրագործությունը տեղի է ունեցել իշխանությունների եթե ոչ անմիջական մասնակցությամբ, ապա գոնե լռելյայն համաձայնությամբ, այսօր էլ արդիական են։ Սակայն բանն այն է, որ այս նոսր եւ նյութական հիմնավորում չստացած ինֆորմացիան կարծես բավարարում է բոլոր կողմերին. հոկտեմբերի 27-ի իրականացման հարցերի մի շարք պատասխաններ այլեւս ոչ ոք ագրեսիվորեն չի պահանջում»։ «Իմանալ հանցագործության իրական մոտիվները, կազմակերպիչներին, պետք է նշանակի հաջորդ՝ ադեկվատ քայլ, ինչին առայժմ պատրաստ չէ կողմերից եւ ոչ մեկը», - եզրակացրել է մեկնաբանը։

Նույն պարբերականը գրել է, թե մինչ մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի տարբերակները քննարկման փուլում են, արդեն խոսակցություններ են պտտվում Երեւանի կենտրոնի քաղաքապետի թեկնածուների մասին։ «Առայժմ հնչում են Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, Նարեկ Սարգսյանի, Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի եւ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի անունները», - գրում է «168 ժամ»-ը: Թերթի տեղեկություններով, Արտաշես Գեղամյանն այդ կապակցությամբ «փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել իշխանություններից»։

«Հայկական ժամանակ»-ը, տեղեկացնելով, թե «Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը հաստատել է «Հայռուսգազարդ»-ի լրացուցիչ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքը, մանրամասնել է. - «Ըստ այդմ, «Հայռուսգազարդ»-ում «Գազպրոմ»-ի բաժնեմասը 45 տոկոսից հասցվել է 58 տոկոսի»: «Սա, ըստ էության, այն գործընթացն է, որի արդյունքում Իրան-Հայաստան գազամուղի` Հայաստանով անցնող հատվածն անցնում է Ռուսաստանին», - բացատրել է թերթն ու հավելել. - «Քանի որ այս ձեռնարկությունն էլ իր հերթին անցնում է ՌԴ-ի վերահսկողության ներքո, ստացվում է, որ գազամուղը հանձնվում է Ռուսաստանին` մի բան, որ երկար ժամանակ ժխտում էին ՀՀ իշխանությունները»: «Առայժմ հստակ չէ, թե Հայաստանը քանի տոկոս բաժնեմաս ունի «Հայռուսգազարդ»-ում, հասկանալի է, սակայն, որ ՀՀ-ն իր ունեցած բաժնեմասով չի կարող այստեղ որոշումներ կայացնել կամ արգելափակել որոշումների կայացումը: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանը կորցնում է Իրանի գազի համար տարանցիկ երկիր լինելու շանսը, քանի որ ռուսները ՀՀ-ով անցնող իրենց գազամուղը չեն տրամադրի այս նպատակին` բուն ՌԴ-ին գազային շանտաժի հնարավորությունից չզրկելու համար», - եզրակացրել է թերթը:

«Ճոյտին նեղում են» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթը, հենվելով «դատախազամերձ» իր աղբյուրների վրա, գրել է, թե պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի մասով «հստակ հրահանգ կա տրված ՀՀ նախագահի «ամենազոր» նստավայրից, ու եթե նույնիսկ դատախազները ցանկանան ինչ-որ կերպ «փակել» պատգամավորի գործը, ապա չեն կարողանալու կամ դժվար են կարողանալու»։ «Մի խոսքով, Ճոյտը հայտնվել է ճորտատիրական հասարակարգում», - գրել է թերթն ու շեշտել. - «Դա է պատճառը, որ «ավանդույթի համաձայն» փող ուզող դատախազները՝ Աղվան Հովսեփյանի «քավորությամբ», այնպիսի մի «թիվ» են հայտնել Հակոբյանի համար բարեխոսողներին, որ նույնիսկ նրանք են շշկռվել»։ Ըստ թերթի, «խոսքը ոչ թե մի քանի հարյուր հազար դոլարների մասին է, այլ մի քանի միլիոն դոլարների, որը դատախազները պահանջել են Հակոբ Հակոբյանի գործերը «ջրելու» դիմաց»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG