Մատչելիության հղումներ

Լրացավ Ազգային ժողովում կատարված ահաբեկչության 7-րդ տարին


Այսօր լրացավ Հայաստանի Ազգային ժողովում կատարված ահաբեկչության 7-րդ տարին:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված ոճրախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն ՝ գնդակահարելով 8 պետական գործիչների:

Ահաբեկչությանը զոհ դարձան Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը եւ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց:

Այսօր առավոտյան Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դրեցին խորհրդարանի ղեկավարությունը եւ պատգամավորները:

Մինչեւ կեսօր կառավարության անդամների հետ Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրմին է այցելել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ, այնտեղ լինելու է կեսօրից հետո:

Առավոտյան արդեն Վազգեն Սարգսյանի շիրմին դրված էին ծաղկեփսակներ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի անունից:

Կառավարության նախագահը անձամբ բերեց ծաղկեպսակը: Վարչապետին ուղեկցում էին կառավարության անդամները:

Հարցին, թե ինչպիսին կլիներ Հայաստանը այսօր, եթե տեղի ունեցած չլիներ այդ ողբերգությունը, Անդրանիկ Մարգարյանի պատասխանեց. - «Միշտ մենք մեզ սփոփում ենք, որ ավելի լավ պիտի լիներ, քան այսօր կա, որովհետեւ գոնե ես գիտեմ իմ զոհված ընկերների ծրագրերը: «Միասնության» ծրագիրն էր եւ դրա իրագործումը արդյունքներ կտար»:

Արամ Սարգսյանը բազմիցս նշել է, որ մինչեւ գործող իշխանությունները չհեռանան, հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրական կազմակերպիչներին հնարավոր չէ բացահատել: 7 տարի անց էլ Վազգեն Սարգսյանի եղբայրը նույն կարծիքին է:

«Այո, ես այդպես եմ կարծում, եւ, իմ կարծիքով, այդպես է մտածում հասարակության հիմնական մասը», - «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ասաց Արամ Սարգսյանը, - «Եվ այդպես մտածելու համար մեղավորը ես չեմ, մեղավորը գործող իշխանություններն են, որոնք արեցին նման դատաքննություն, որտեղ չհարցաքննվեցին բոլոր վկաները: Ու հասարակությունը սկսեց կասկածել, որ այս իշխանություններն ուղղակի չեն ուզում գործը բացահայտել»:

Քաղաքական այլ ուժերի իշխանության գալուց հետո այս գործի շուրջ նոր նախաքննության հնարավորության առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն ասաց. - «Կախված է նրանից, թե այդ իշխանությունները Հայաստանի արդարադատության առողջացման խնդրում ինչպիսի ճանապարհ կտեսնեն»:

«Ճշմարտությունը որեւէ մեկը այսօրվա դրությամբ չի կարող ասել: Ես՝ որպես անհատ, որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, որպես քաղաքական գործիչ եւ նախկին վարչապետ, երբեք չեմ մեղադրել այս իշխանություններին «հոկտեմբերի 27» կատարելու մեջ»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ պարզաբանելով. - «Ես մեղադրել եմ այս իշխանություններին, որ նրանք իշխանության եղած ժամանակ ոչինչ չարեցին, որ «հոկտեմբերի 27» տեղի չունենա, եւ, երկրորդ, ամեն ինչ արեցին, որ «հոկտեմբերի 27»-ը չբացահայտվի»:


Ռուզաննա Ստեփանյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG