Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Կոսովոն կարող է դառնալ նախադեպ հետխորհրդային հակամարտությունների համար


Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանան վերջերս է մտահոգություն հայտնել, թե Կոսովոյի կարգավորումը կարող է նախադեպ դառնալ Հարավային 0սիայի եւ Աբխազիայի հակամարտությունները կարգավորելու համար: Արդյո՞ք ճանաչելով Կոսովոն՝ միջազգային համայնքը, այսպես ասած, չի բացի «Պանդորայի արկղը» եւ չի՞ խթանի մյուս անջատողական շարժումները:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ավանդական ամենամյա հեռուստաուղերձում ուշագրավ ակնարկ է արել Կոսովոյի վերաբերյալ. - «Միջազգային իրավունքն ունի որոշ հակասություններ: Մի կողմից, խոսվում է տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանելու անհրաժեշտության մասին, եւ Ռուսաստանը Վրաստանի, ինչպես նաեւ այլ երկրների դեպքում հավատարիմ է այդ սկզբունքին, մյուս կողմից, կա նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը, ուստի, չնայած այդ տարաձայնություններին, մենք պարտավոր ենք ելք գտնել այս իրավիճակից, բայց, իհարկե, մենք ուշի-ուշով հետեւելու ենք միջազգային նախադեպերին, այդ թվում` Կոսովոյի», - ասել է Վլադիմիր Պուտինը:

«Ազատություն» ռադիոկայանի վերլուծական բաժնի աշխատակից Փեթրիք Մուրի փոխանցմամբ, նախկին Հարավսլավիայի տարածքում նոր պետությունների ստեղծումը առավել հաճախ համեմատում են հետխորհրդային տարածքում նման զարգացումների հետ: 1991 թվականին արեւմտյան շատ երկրներ չէին ցանկանում ճանաչել Հարավսլավիայի կազմալուծումը, Սլովենիայի եւ Խորվաթիայի անկախությունը: Նրանք վախենում էին, որ նույն գործընթացը կսկսվի նաեւ Խորհդային Միությունում, որը կպայթի, կբաժանվի միմյանց դեմ մահու ու կենաց կռիվ մղող փոքրիկ պետությունների, ինչի արդյունքում քաոս կհաստատվի Եվրասիայի հսկայական տարածքում: Այդ տարի այցելելով Ուկրաինա, ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը-ավագը Կիեւում ուկրաինացի օրենսդիրներին հորդորել էր մերժել «ինքնասպան ազգայնամոլությունը»:

15 տարի է անցել, հիմա ոչ Հարավսլավիա է մնացել եւ ոչ էլ Խորհրդային Միություն: Կոսովոն պայքարում է Սերբիայից անկախանալու եւ աշխարհի կողմից որպես նոր պետություն ճանաչվելու համար: Սերբիայի ուժերը 1999 թվականին հեռացել են Կոսովոյից: Չերնոգորիան նույնպես անջատվել է Սերբիայից: Ենթադրվում է, որ մինչեւ այս տարեվերջ ճանաչում կստանա նաեւ Կոսովոն:

Կարելի՞ է արդյոք զուգահեռ անցկացնել Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Աբխազիայի ու Հարավային 0սիայի միչեւ: Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւն այս տարվա մայիսին ասել էր, որ Կոսովոն այս հարցում անպայման ազդեցություն կունենա:

«Սերբիայի եւ Չենոգրորիայի ապահարզանը նախադեպ չի ստեղծում, քանզի ի վերջո դա տեղի է ունեցել երկու կողմերի համաձայնությամբ: Սակայն, եթե Կոսովոն անկախություն ստանա, դա կլինի հետպատերազմյան Եվրոպայում առաջին դեպքը, երբ պետության սահմանը փոխվում է առանց այդ գործընթացի մեջ ներքաշված մեկ այլ երկրի, տվյալ դեպքում` Սերբիայի համաձայնության: Դա կդառնա նախադեպ, որը շատ հեռու գնացող հետեւանքներ կունենա մեծ թվով այլ հակամարտությունների համար», - ասել էր Կոսաչեւը:

Փեթրիք Մուրի փոխանցմամբ, որոշ մեկնաբաններ ասում են, թե, այնուամենայնիվ, ուղղակի զուգահեռը ճիշտ չէ: Կոսովոն նախկին Հարավսլավիայում ուներ ավելի բարձր կարգավիճակ, քան Մերձդնեստրը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան եւ Հարավային 0սիան նախկին Խորհրդային Միությունում: 0րինակ, Կոսովոն միշտ ներկայացված էր Հարավսլավիայի հավաքական նախագահության կազմում եւ Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության ղեկավար մարմիններում:

Իսկ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ 1974 թվականին Սերբիան եւ Հարավսլավիան սահմանադրություններում ամրագրել էին, որ Կոսովոն եւ Վոեվոդինան համարվում են Սերբիայի մաս, բայց ունեն այն բոլոր իրավունքները, որոնք տրված են Դաշնային Հարավսլավիայի հանրապետություններին: Կոսովոյի առաջնորդները բանակցություններում հաճախ հենց այս հանգամանքն են մեջտեղ բերում: Այսօր հետխորհրդային տարածքում անկախության համար պայքարող անջատողական կազմավորումները Խորհրդային Միության օրոք չեն ունեցել այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ուներ Միության անդամ հանրապետությունը:

Մուրի փոխանցմամբ, ակնհայտ է, որ Ռուսաստանն աջակցում է առնվազն Հարավային 0սիային եւ Աբխազիային, սակայն Մոսկվայի համար դժվար կլինի այլ երկրներին համոզել աջակցել հետխորհրդային տարածքի անջատողականներին: Կոսովոն արժանացել է միջազգային համայնքի համակրանքին հատկապես այն բանից հետո, երբ աշխարհը համոզվել է, որ սերբական ուժերն 1998-1999 թվականներին ցեղասպանական մարտավարություւն են կիրառել Կոսովոյում, ինչը ՆԱՏ0-ին ստիպել էր միջամտել եւ Կոսովոյից ուժով դուրս մղել սերբերին:

Կոսովոյի խնդրում մեծ կշիռ կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը: Պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը վերջերս Թբիլիսիում ասել է, որ «Վաշինգտոնը չի ճանաչի Աբխազիայի կամ Հարավային 0սիայի անկախությունը»: Մոսկվայում. մինչդեռ, հասկանալ են տալիս, որ Ռուսաստանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի ենթարկել Կոսովոյի ճանաչումն այն դեպքում, եթե Արեւմուտքը մերժի Աբխազիայի կամ Հարավային 0սիայի հնարավոր անջատումը Վրաստանից:

Եվ այունամենայնիվ, մեկնաբանների փոխանցմամբ, ռուսները նույնպես պետք է զգուշությամբ գործեն, չտարվեն նախադեպերի խաղով, որովհետեւ բուն Ռուսաստանում կա, օրինակ, Չեչնիայի չկարգավորված խնդիրը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG