Մատչելիության հղումներ

Տանը նստած էլ կարելի է բուհ ավարտել


Շատ երիտասարդներ ընտրում են հեռավար ուսուցումը, որն օգնում է խնայել եւ գումար, եւ ժամանակ, ինչի շնորհիվ էլ ուսանողները կարողանում են նաեւ աշխատել: Հայաստանում «դիստանցիոն» կրթության ներդրման նախաձեռնողը եղել է «Եվրասիա» միջազգային համալսարանը:

Համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը նշեց, որ կրթություն ստանալու այս ձեւն անչափ շահավետ է ուսանողների համար:

«Ի տարբերություն առկա ուսուցման, ուսանողը անմիջական շփում չի ունենում դասախոսի հետ, նա ինտերնետով ընթերցում է նրա դասախոսությունը, սակայն այդ ընթացքում եթե նրա մոտ հարցեր են առաջանում, կարող է գրել դրանք եւ որոշ ժամանակ անց ստանալ պատասխաններ», - ասում է ռեկտորը:

«Երբեմն մեր երիտասարդները գումար վաստակելու համար մեկնում են երկրից, սակայն միաժամանակ ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ, ի վերջո, վերադառնալու են հայրենիք: Հեռավար ուսուցման շնորհիվ արտասահմանյան մի շարք երկրներում բնակվող մեր հայրենակիցները այսօր արդեն հնարավորություն ունեն առանց հայրենիք վերադառնալու ստանալ կրթություն: Այս մեթոդը նրանց համար ամենահարմարն է, հարմար է նաեւ գինը, քանի որ հեռավար ուսուցման ժամանակ վճարում ես առկա կրթության համար սահմանված գումարի միայն կեսը», - նշում է պարոն Օհանյանը:

Սակայն այս համակարգն էլ կատարյալ չէ, քանի որ արտասահմանում ինտերնետի միջոցով կրթություն ստացած ուսանողը պետական ավարտական քննությունները պետք է հանձնի Հայաստանում:

«Դիստանցիոն» ուսուցումը մոտ ապագայում ներդրվելու է նաեւ Ռուսաստանում, քանի որ դրա պահանջարկն այսօր զգացվում է, իսկ Հայաստանի տարածքում այն գործում է Իջեւանում եւ Նոյեմբերյանում, ցանկություն է եղել ուսուցումն իրականացնել նաեւ Արարատի մարզում, սակայն ոչ մի աջակցություն եւ ցանկություն տեղի բնակիչներն ու մարզպետարանը չեն ցուցաբերել:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG