Մատչելիության հղումներ

Անրի Կյունին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում


Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, երեքշաբթի օրը հրավիրած հրաժեշտի ասուլիսում լրագրողներին ասաց, որ իր հետ Հայաստանից տանելու է «այս երկրի մի մասնիկը»:

Հայաստանի ապագայի մասին Անրի Կյունին ասաց. - «Այնքան ժամանակ, քանի դեռ չկա կայուն խաղաղություն, համաչափ տնտեսական զարգացման մասին խոսք լինել չի կարող»:

«Ի՞նչ հույսեր է կապում Ֆրանսիան Արթուր Բաղդասարյանի հետ» անսպասելի հարցին դեսպանը արձագանքեց, թե «հոգնել է կրկնել», որ Ֆրանսիան չի միջամտում որեւէ երկրի ներքին խնդիրներին:

«Ես գիտեմ, որ Արթուր Բաղդասարյանը մեր երկրի մեծ բարեկամն է», - այդուհանդերձ ավելացրեց դեսպանը: - «Նա միշտ պաշտպանել է Հայաստանում ֆրանկոֆոնիան, կանգնած է եղել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հիմնադրման ակունքներում»:

Անրի Կյունին, հնչեցնելով «բոլոր ժողովրդավար երկրների ցանկությունը», մաղթեց, որ «առաջիկա ընտրությունները Հայաստանում լինեն արդար եւ թափանցիկ». - «Սա Հայաստանի համար կարեւոր փորձություն է: Մենք հետեւելու ենք դրան մեծ ուշադրությամբ»:

Անդրադառնալով Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին` Կյունին ասաց. - «Եվրամիությունը արժեքների ակումբ է, եւ դրան անդամակցելու համար ցանկություն է անհրաժեշտ: Հայաստանից եկող դրական ազդակները իրենց ազդեցությունը կունենան: Այդպիսի ազդակ կարող են հանդիսանալ նաեւ թափանցիկ ընտրությունները»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG