Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ խոսքի ազատության ցուցակում Հայաստանը 101-րդն է


Ըստ «Lրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության, այս տարի Հայաստանը խոսքի ազատության ցուցակում գրավում է 101-րդ հորիզոնականը: Դիտարկված մոտ 170 երկրների շարքում Հայաստանը զիջում է ոչ միայն Վրաստանին, այլեւ Թուրքիային, որը վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ դատական գործեր է հարուցել լրագրողների դեմ ու արժանացել եվրոպական կառույցների քննադատությանը:

Կազմակերպությունը դիմել է երկրում աշխատող լրագրողներին, փորձագետներին, օտարերկրյա լրատվամիջոցներին՝ խնդրելով մատնանշել անցած տարվա սեպտեմբերից մինչեւ օրս խոսքի ազատության դեմ կիրառված բռնություններն ու սահմանափակումները:

Ըստ կազմակերպության Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների բաժնի ղեկավար Էլզա Վիդաալի, հայաստանցի լրագրողներն ու փորձագետները նման բազմաթիվ դեպքեր են հիշատակել. - «2 լրագրող ենթարկվել է սպառնալիքների, 5 լրագրող` հարձակման: Նշվում է նաեւ, որ մասնավոր լրատվամիջոցներում առկա է ինքնագրաքննությունը, իսկ հանրային լրատվամիջոցներում` պետական գրաքննությունը: Բացի այդ, ըստ մեր ստացած պատասխանների, Հայաստանում գրաքննվում են նաեւ որոշ ինտերնետային կայքեր»:

Վերջին տարիների ընթացքում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, Հայաստանը խոսքի ազատության տեսանկյունից զգալի հետընթաց է ապրել: 2003-2004 թվականներին, օրինակ, Հայաստանը զբաղեցնում էր 90-րդ հորիզոնականը, սակայն անցած տարի միանգամից 12 կետով նահանջել է, այս տարի` մեկ հորիզոնականով բարձրացել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «կարելի՞ է ասել, որ 2006-ին խոսքի ազատությունը Հայաստանում բարելավվել է», Էլզա Վիդաալը պատասխանեց. - «Դժվար է խոսել առաջխաղացման մասին, քանի որ, ինչպես գիտեք, այս դասակարգումը շատ փոփոխական է, եւ մեկ, երկու կամ երեք հորիզոնականները էական առաջընթաց չեն նշանակում»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG