Մատչելիության հղումներ

«Հայսուպերսթար֊-2». սկսվել են երեւանյան լսումները


Դարձյալ զանազան ընտրական փուլեր տեղի կունենան, որոնց արդյունքում նախագծի համերգային մասին կմասնակցեն 11 ընտրյալներ: Նախագծի պրոդյուսեր Սեդրակ Դավիդյանը տեղեկացրեց, որ լսումներն արդեն ավարտվել են Գյումրիում եւ Վանաձորում, իսկ երեկվանից մեկնարկել է երեւանյան «քննաշրջանը». կախված մասնակիցների թվից այն կտեւի երկու կամ երեք օր:

Սեդրակ Դավիդյանը փոխանցեց, որ այս անգամ հեռուստադիտողներին հիասթափություն է սպասվում այն առումով, որ զգալիորեն քչացել են նախընտրական փուլերում հանդիպող զավեշտալի տեսարանները:
Փոխարենը, զրուցակցիս պնդմամբ, նրանք, ովքեր Գյումրիում եւ Վանաձորում ժյուրիի հավանությանն են արժանացել, իրոք բավական լուրջ պատրաստված են եղել:

Երկրորդ նախագծի ժյուրին նոր անդամներով է համալրվել` երգչուհի Ալլա Լեւոնյանը եւ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը: Նախորդ «Հայսուպերսթար»-ի ժյուրիի երկու անդամները` Եգոր Գլումովն ու Նաիրա Գյուրջինյանը այս անգամ դարձյալ ժյուրիի կազմում են: Իսկ ահա Միքայել Պողոսյանը, ում հասցեին միաժամակին եւ քննադատություն, եւ գովեստի խոսքեր էին հնչում, այլեւս «Հայսուպերսթար»-ում չէ:

«Մենք հաշվի ենք առել նրա ցանկությունը»,- պարզաբանեց պրոդյուսերը:

Էրիկ Անթառանյան -֊ Զարուհի Բաբայան հաղորդավարական զույգին եւս հեռուստադիտողները շոուի բեմում այլեւս չեն տեսնի. նոր հաղորդավարներն են՝ Արտյոմ Հակոբյանը ուրախների եւ հնարամիտների «Նոր հայեր» ակումբից եւ Շանթի «Վերվարածները» երգիծական սերիալում Կնյազի դերակատար Արտյոմ Կարապետյանը:

Քվեարկության կարգը փոխված չէ, թեպետ նախորդ նախագծի ավարտին սկանդալ եղավ, երբ պարզվեց, որ մասնակիցներից մեկին հաջողվել էր անարդար ճանապարհով ձայներ ստանալ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG