Մատչելիության հղումներ

ԱԺ-ում կարող է ստեղծվել Հայոց ցեղասպանության հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով


Ուրբաթ օրը Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը բուռն քննարկումներից հետո դրական եզրակացություն տվեց անկախ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի նախաձեռնությանը` Ազգային ժողովի նիստերի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Նման հանձնաժողովի ստեղծման նպատակը Հայաստանում ու արտերկրում Ցեղասպանության դատապարտման ու ճանաչման հիմնավոր ու միասնական դիրքորոշում որդեգրելն է, հայ պատմաբանների որոշ տարաձայնությունները համադրելը:

«Այն առաջարկը, որը արվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից` ստեղծել պատմաբանների համատեղ հանձնախումբ, որին ի պատասպան ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության, այնպես էլ տարբեր հասարակական, միջազգային, հայկական կազմակերպությունների կողմից մերժում է եղել` ասելով, որ դա պատմական քննարկման առարկա չէ: Փաստորեն նման որոշում կայացնելով` Հայաստանի Ազգային ժողովը ասում է, որ մենք, գոնե մեր կողմից պատմական ուսումնասիրություն ենք սկսում», - հանձնաժողովի ստեղծման դեմ իր փաստարկները բերեց դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, նման հանձնաժողովի ստեղծումը «որոշակի դրական նշանակություն կունենա»:

Ներկայացնելով կառավարության տեսակետը` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ասաց. - «Մենք սկզբունքորեն ներկայացրել ենք մի շարք դիտողություններ, որոնք տեխնիկական բնույթ ունեն, եւ կառավարությունը որեւէ այլ խնդիր տվյալ դեպքում չի տեսնում»:

Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի փոխանցմամբ, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իրեն բանավոր փոխանցել է հայ պատմաբանների մեծամասնության դրական կարծիքը նման հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG