Մատչելիության հղումներ

Թուրքերի կողմից բոյկոտվող ֆրանսիական արտադրանքի ցանկում հաջորդը «Օրեալ»-ն է


Թուրքիայի սպառողների միությունը հայտարարել է, թե ֆրանսիական արտադրանքի բոյկոտի իրենց հաջորդ թիրախը «Օրեալ»-ն է՝ կոսմետիկա արտադրող խոշորագույն ընկերությունը աշխարհում:

Միության նախագահ Բյուլենթ Դենիզը երեկ տեղեկացրել է, թե եկող շաբաթ իրենք բոյկոտի ցանկում ընդգրկելու են «Օրեալ»-ի ամբողջ արտադրանքը, այդ թվում «Բիոթերմ», «Քաշարել», «Գարնիե», «Ջորջիո Արմանի», «Լանքոմ», «Մեյբելին» եւ այլ աշխարհահռչակ ապրանքանիշեր:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի սպառողական գլխավոր կազմակերպությունը օրերս որոշել էր ամեն շաբաթ հրապարակել ֆրանսիական մի ընկերության անուն կամ ապրանքանիշ՝ թուրքերին կոչ անելով բոյկոտել այն:

«Օրեալ»-ը թուրքական շուկայում է 1989 թվականից եւ վերջին 5 տարիներին վաճառքի ծավալը Թուրքիայում մեծացրել է 45 տոկոսով:

Անցած շաբաթ ֆրանսիական «Տոտալ» նավթային ընկերության դեմ հայտարարված բոյկոտի հետեւանքով Թուրքիայում այդ ընկերության գազա- եւ բենզալցակայաններում սպառումը նվազել է 30 տոկոսով:

Բացի «Տոտալ»-ից, որը ամբողջ Թուրքիայի տարածքում 500 լցակայաններ ունի, առաջիկա օրերին բոյկոտի կարող են ենթարկվել նաեւ ֆրանսիական «Քարեֆուր», «Ռենո», «Աքսա» եւ «Լաֆարժ» հայտնի ընկերությունները:

Ֆրանսիական արտադրանքի բոյկոտով թուրքական սպառողական կազմակերպությունները բողոքում են Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման դեմ:

Օրինագծով մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սահմանվում 1915-17 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ժխտողների համար:

Մինչեւ երկրի նախագահ Ժակ Շիրակի կողմից ստորագրվելը օրինագիծը պետք է արժանանա Սենատի հավանությանը:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Ֆրանսիայում անցկացված սոցիոլոգիական հարցման՝ այսօր հրապարակված արդյունքները վկայում են, որ ֆրանսիացիների 58 տոկոսը դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Հունիսին անցկացված հարցման արդյունքներով, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ էր ֆրանսիացիների 55 տոկոսը:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ է միության անդամ երկրների բնակչության ընդհանուր թվի 48 տոկոսը:

9 երկրներում Թուրքիայի անդամակցությանը դեմ արտահայտվողների տոկոսն ավելի մեծ է, քան Ֆրանսիայում: Մասնավորապես, Ավստրիայում այն կազմում է 81 տոկոս, իսկ Գերմանիայում, որտեղ թուրքական մեծ համայնք կա՝ 69 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG