Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիա Ֆինլին հինգշաբթի օրը կրկին հնչեցրեց իր մտահոգությունը Հայաստանում 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքը ԵԱՀԿ-ի առաքելության կողմից մոնիտորինգի ենթարկելու հարցի կապակցությամբ:
Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում, ըստ Ֆինլիի, որեւէ պաշտոնյա իրեն չի ասել, թե իշխանությունները մտադիր չեն հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդների. - «Պարզապես ասացին, որ կառավարությունը սպասում է հայտարարությանը, թե կոնկրետ երբ են անցկացվելու ընտրությունները»:
ԵԱԿՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանը, սակայն, ասաց նաեւ, որ հայաստանյան պաշտոնյաներից մեկը, որի անունը նա գերադասեց չհայտնել, իր հետ ոչ պաշտոնական զրույցի ընթացքում ակնարկել է, թե «գուցե իշխանությունները չցանկանան հրավիրել ԵԱՀԿ-ի դիտորդների»:
Դեսպան Ֆինլիի կարծիքով, մինչդեռ, շատ կարեւոր է թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ դիտորդական առաքելության իրականացումը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքում:
«Մենք կհորդորենք կառավարությանը, որպեսզի հրավիրեն ԵԱՀԿ-ի դիտորդներին եւ երկարաժամկետ, եւ կարճաժամկետ առաքելություն իրականացնելու համար», - ասաց նա` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի իշխանությունները նախապես ուղարկեն հրավերը:
ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Պրյախինը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին խնդրել է, որպեսզի հայկական կողմը դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավերը միջազգային կազմակերպություններին ուղարկի մինչեւ տարեվերջ:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես կարծում եմ, բոլոր ազդեցիկ միջազգային կազմակերպությունները, որոնք ավանդաբար դիտորդական առաքելություն են իրականացնում ընտրություններում, ճիշտ կլինի, որ հրավիրվեն»:
ԵԱՀԿ-ն, մասնավորապես, ըստ դեսպան Ֆինլիի, չի կարող դիտորդական առաքելություն իրականացնել առանց հրավերի:
«Դուք պետք է ճնշում գործադրեք ձեր կառավարության նկատմամբ, որպեսզի ընտրությունների օրը որոշելուց եւ դրա մասին հայտարարելուց հետո անմիջապես հրավերն ուղարկեն», - լրագրողներին դիմեց ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանը:
Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Ջուլիա Ֆինլին դժգոհություն էր հնչեցրել այն կապակցությամբ, որ Հայաստանի նախագահ Քոչարյանը չի ընդունել իրեն: Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե նախագահի ժամանակացույցը «լրացած էր»:
«Ես գերադասում եմ մտածել, որ նրա [նախագահ Քոչարյանի] ժամանակացույցը իսկապես ծանրաբեռնված էր», - ասաց դեսպան Ֆինլին:
Նախագահ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի` սրան առնչվող հարցմանն ի պատասխան ասաց. - «Չեմ ցանկանում մեկնաբանել»:
Կարինե Քալանթարյան