Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին հիասթափեցրել է այն, որ նախագահ Քոչարյանը չի ընդունել իրեն


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպան Ջուլիա Ֆինլին, ով առաջին այցով այս օրերին գտնվում է Երեւանում, իր հիասթափությունն է արտահայտել այն կապակցությամբ, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդունել իրեն:

Տիկին Ֆինլին, ում այցի հիմնական նպատակը ժողովրդավարացմանն եւ քաղաքական բարեփոխումներին վերաբերող հարցերի քննարկումն է, Երեւան է ժամանել երեքշաբթի օրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ հայաստանյան մյուս պաշտոնյաներից ստացել է հավաստիացումներ, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Նա նաեւ հորդորել է պաշտոնական Երեւանին` թույլ տալ, որ ԵԱՀԿ-ն մոնիտորինգի ենթարկի ընտրական ողջ գործընթացը:

«Ես շատ, շատ հիասթափված եմ, որ անգամ կարճատեւ հանդիպում չունեցա ձեր նախագահի հետ», - ասաց Ֆինլին: - «Սովորաբար իմ ուղեւորությունների ժամանակ [ԵԱՀԿ-ի անդամ երկրներ] ես հանդիպում եմ պետության ղեկավարների հետ»:

Հարցին, թե պաշտոնապես ինչպես է մերժվել իր խնդրանքը, դեսպանը պատասխանեց. - «Նրա ժամանակացույցը լրացած էր»:

Քոչարյանը, ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունների, չորեքշաբթի օրն ունեցել է երկու հանդիպում. ընդունել է ռուսաստանցի խորհրդարանականների պատվիրակությանը եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի`Հայաստանում իր առաքելությունն ավարտող ղեկավար Ռոջեր Ռոբինսոնին: Անցած շաբաթ Քոչարյանը չէր ընդունել նաեւ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Հունին: Ինչպես Մեծ Բրիտանիան, այնպես էլ Միացյալ Նահանգները պաշտոնապես չէին շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին անցած նախագահական ընտրություններում (որոնք ԵԱՀԿ-ի դիտորդները քննադատել էին որպես ոչ ժողովրդավարական) վիճահարույց հաղթանակի կապակցությամբ:

Ջուլիա Ֆինլին «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց «Մեդիամաքս» լրատվական գործակալության գրասենյակում` հայաստանյան այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներից հետո: ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը Երեւանում հանդիպումներ է ունեցել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ:

Նա հանդիպումներ է ունեցել նաեւ Հայաստանում քաղաքական բարեփոխումներին հետամուտ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամերիկացի դիվանագետն ասաց, որ պաշտոնյաներն իրեն հավաստիացրել են, որ Հայաստանի իշխանությունները ամեն բան կանեն` ապահովելու 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: «Ես ուզում եմ հավատալ կառավարության ներկայացուցիչների ասածներին նույնքան, որքան կառավարությունից դուրս գտնվող մարդկանց ասածներին», - ասաց նա: - «Ես փորձում եմ ամեն բան հավասարակշռել»:

«Մենք ուզում ենք միայն, որ այս ընտրությունները ճիշտ անցկացվեն, քանի որ ընտրությունները ժողովրդավարության չորս սյուներից մեկն են», - ասաց Ֆինլին: - «Ես կարծում եմ, որ գտնվում եմ մի երկրում, որը որոշել է, որ ուզում է ունենալ ճշմարիտ ժողովրդավարություն»:

Եվրամիության պաշտոնյաներն արդեն նախազգուշացրել են, որ կոպիտ ընտրախախտումների կրկնությունը լրջորեն կվտանգի Եվրամիության հետ կապերը սերտացնելու` Հայաստանի ջանքերը, մասնավորապես` երկրի մասնակցությունը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին:

Ջուլիա Ֆինլին մտահոգված էր այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանությունները դեռեւս պաշտոնապես չեն հրավիրել ԵԱՀԿ-ին` մոնիտորինգի ենթարկելու 2007-ի ընտրությունները:

«Հայաստանի համար շատ, շատ կարեւոր է վստահեցնել միջազգային հանրությանը, որ Հայաստանի իշխանությունները ընտրվել են ազատ եւ արդար ճանապարհով», - ասաց նա: - «ԵԱՀԿ-ն ընտրությունների մոնիտորինգի ոսկե ստանդարտն է»:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG