Մատչելիության հղումներ

Աբխազիայի խորհրդարանը Ռուսաստանին խնդրում է ճանաչել հանրապետության անկախությունը


Աբխազիայի խորհրդարանը հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով այսօր դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ խորհրդարանին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, աբխազական խորհրդարանի ընդունած որոշման մեջ ասված է. - «Դիմել Ռուսաստանի նախագահին, Դաշնային ժողովի Պետական դումային եւ Դաշնության խորհրդին՝ ճանաչելու Աբխազիայի Հանրապետության անկախությունը եւ Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի Հանրապետության միջեւ հաստատելու ասոցիացված հարաբերություններ»:

Աբխազիայի իշխանությունները պնդում են, որ հանրությունն է խորհրդարանին հորդորել դիմել Ռուսաստանին` նշելով, որ Աբխազիան ցանկանում է Ռուսաստանի հետ պահպանել քաղաքական, տնտեսական ու մշակութային սերտ կապեր:

Իսկ նոյեմբերի 12-ին Հարավային Օսիան է անկախության հանրաքվե անցկացնելու: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն այս առիթով ասել է, որ դա ժամանակի անտեղի կորուստ է, եւ միջազգային հանրությունը չի ճանաչի այդ հանրաքվեի արդյունքները:

«Եթե Կոսովոն անկախ պետություն դառնա, կարծում եմ, անհրաժեշտ է թույլ չտալ, որ դա նախադեպ դառնա Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Հյուսիսային Կիպրոսի, Թուրքիայի քրդական տարածքների կամ Չեչնիայի համար», - հայտարարել է Դեւիսը՝ այդ շարքում չհիշատակելով Լեռնային Ղարաբաղը:

Օրեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց, որով Վրաստանին կոչ էր անում դուրս գալ Կոդորի կիրճից: Վրացի քաղաքական գործիչները, սակայն, հայտարարել են, որ վրացական ուժերը մնալու են այդ տարածքում, քանի որ բանաձեւում նշվում է, որ տարածքից պետք է դուրս բերվեն հավելյալ զորամիավորումները:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Ռուրուան «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է, թե Վրաստանը Կոդորի կիրճ հավելյալ ուժեր չի բերել, միայն վրացական ոստիկանությունն է այնտեղ, ինչը չի խախտում նախկինում ձեռք բերված համաձայնությունները:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG