Մատչելիության հղումներ

Հայաստանին բաժին է ընկնում ԱՊՀ-ի երկրներում օտարերկրյա ներդրումների մեկ տոկոսը


Աշխարհում օտարերկրյա ներդրումների մասին ՄԱԿ-ի տարեկան զեկույցի համաձայն, օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստան բավական փոքր է եւ 2005 թվականին կազմել է մոտ 220 միլիոն դոլար, այն դեպքում, երբ ԱՊՀ-ի երկրներում օտարերկյա ներդրումների հանրագումարը անցած տարի կազմել է 27 միլիարդ դոլար: Փաստորեն, Հայաստանին բաժին է ընկնում այդ ներդրումների մոտ մեկ տոկոսը միայն:

Զեկույցում, որը հրապարակվել է երեկ ուշ երեկոյան, ոչ միայն դիտարկվում են այս ոլորտում վերջին զարգացումները, այլեւ նշվում են այն երկրները, որոնք առավել գայթակղիչ են ներդրողների համար:

Ըստ ուսումնասիրության, անցած տարվա ընթացքում օտարերկրյա գործարարները միայն Ռուսաստանում ներդրել են մոտ 14 միլիարդ, Ուկրաինայում` 7 միլիարդ, Ադրբեջանում` 1,7 միլիարդ դոլար:

«Հայաստանը, զիջելով Վրաստանին ու Բելառուսին, այս ցուցակում գրավում է վերջին տեղերից մեկը», - ասում է ուսումնասիրության հեղինակներից մեկը` Քարման Քալութայը:

Ըստ Քարման Քալութայի, օտարերկրյա ներդրողներին ԱՊՀ-ի տարածքում առաջին հերթին գրավում են բնական ռեսուրսները, ապա՝ սպառողական ապրանքների ու սննդի ոլորտները: Ու թեեւ Հայաստանը չունի բնական ռեսուրսներ եւ սպառման մեծ շուկա, այդուամենայնիվ, ըստ զեկույցի հեղինակների, օտարերկրյա ներդրողներին հետաքրքրելու էական ներուժ ունի:

Հաշվարկի մեկ այլ մեխանիզմով, որը ներկայացնում է, թե որքանով են երկրները հետաքրքրում օտարերկրյա ներդրողներին իրենց ենթակառուցվածքներով, մարդկային ներուժով, կրթական մակարդակով, Հայաստանը 141 երկրների շարքում կիսում է 77-79 տեղերը: Սա նշանակում է, որ ներուժի տեսակետից Հայաստանը միջին տեղ է գրավում աշխարհում:

Զեկույցի հեղինակները նաեւ արձանագրել են, որ անցած տարվա ընթացքում ԱՊՀ-ի երեք երկրներում` Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ադրբեջանում, արձանագրվել է օտարերկրյա ներդրումների զգալի անկում: Ըստ այդմ, եթե 2004 թվականին Ադրբեջանում կատարվել է 3,6 միլիարդ դոլարի ներդրում, ապա մեկ տարի անց այդ ցուցանիշը մոտ երկու անգամ կրճատվել է:

«Բանն այն է, որ օտարերկրյա ներդրումները հիմնականում կատարվում են Ադրբեջանի գազի եւ նավթի ոլորտներում, եւ քանի որ 2005 թվականին ներդրողներն այս ոլորտներից հսկայական շահույթներ են ստացել` նոր գումարներ ներդնելու անհրաժեշտություն չի եղել», - բացատրում է Արժույթի միջազգային հիմնադրամի Ադրբեջանի մասնաճյուղի տնօրեն Վիտալի Կրամարենկոն:

Ընդ որում, ըստ տնտեսագետի, այս միտումը շարունակվելու է նաեւ առաջիկա տարիներին. - «Հիմնականում այս ծրագրերը ավարտվելու են 2007 թվականին: Դրանք ներառում են գազատարի եւ նավթատարի շահագործում ու այս ոլորտում հսկայական պաշարների արդյունահանում: Այնպես որ, հիմնականում, օտարերկրյա ներդրումները Ադրբեջանում առաջիկա 1-2 տարիների ընթացքում շարունակելու են անկում ապրել»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG