Մատչելիության հղումներ

Սուլեյման Դեմիրել. «Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան»


Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը «շատ մեծ ամոթ» է որակել Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից:

«Ես դատապարտում եմ այդ օրենքը», - հայտարարել է Դեմիրելը ադրբեջանական APA գործակալության հարցազրույցում: - «Չեմ հավատում, թե այն կարժանանա Սենատի հավանությանը եւ կհաստատվի նախագահի կողմից: Համենայն դեպս, Ֆրանսիան չի ցանկանա նեղացնել այնպիսի կարեւոր բարեկամի, ինչպիսին Թուրքիան է»:

Թուրքիայի նախկին նախագահը համոզմունք է հայտնել, որ օրինագծի ընդունմանը «պետք է անպայման արձագանքել». - «Դա միջազգային հարց է, եւ Թուրքիան արտահայտել է իր դիրքորոշումը: Այդ հարցում մեր երկիրը միասնական է: Մեր ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ, Դեմիրելն ընդգծել է, թե «Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրներ են», եւ հիշեցրել, որ ինքը եւ Հեյդար Ալիեւը ժամանակին հայտարարել էին. - «Կա մի ազգ եւ երկու երկիր»:

Ի պատասխան հարցի, թե կա՞ արդյոք կապ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած օրինագծի եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջեւ, Դեմիրելը հայտարարել է. - «Հայերի գլխավոր խնդիրը կապված է ոչ թե Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի, այլ Թուրքիայի հետ: Քոչարյանն այդ մասին բացահայտ ասել է ինձ: Ես նրան ասացի, որ եթե իրենք ցանկանում են բարեկամություն անել մեզ հետ, ապա պետք է հանգիստ թողնեն Ադրբեջանը: Նա ինձ պատասխանեց, որ իրենց խնդիրը կապված է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի հետ»:

Ըստ Թուրքիայի նախկին նախագահի, Ռոբերտ Քոչարյանն իրեն ասել է, որ Հայաստանի խնդիրը կապված է Հայոց ցեղասպանության հետ, եւ Թուրքիան պետք է ներողություն խնդրի դրա համար. - «Ես նրան ասացի, որ իրենց հետ հնարավոր չէ խոսել, ելա տեղիցս եւ գնացի: Կրկնում եմ՝ Ադրբեջանը եւ Ղարաբաղը երկրորդական հարց են հայերի համար, նրանց հիմնական խնդիրը կապված է Թուրքիայի հետ»:

Դեմիրելը համոզված է, որ հայերի կողմից վերահսկվող տարածքները վերադարձնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի տնտեսական հզորացումը: «Այժմ պետք չէ սկսել ռազմական գործողություններ, քանի որ դա թույլ չի տալիս աշխարհում ստեղծված իրավիճակը: Մենք պետք է մշտապես ուժեղանանք»,֊ - կարծիք է հայտնել Թուրքիայի նախկին նախագահը:

Գնահատելով թուրք գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի շնորհումը՝ Թուրքիայի նախկին նախագահն ասել է. - «Այդ իրադարձությունը անչափ ուրախացնում է: Թուրքիան ժողովրդավարական երկիր է, այդ իսկ պատճառով տարբեր կարծիքներ են արտահայտվում: Նախ եւ առաջ, պետք է ուրախանալ առաջին անգամ թուրքի՝ Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ: Շնորհավորում եմ Օրհան Փամուկին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG