Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 14-ը հոկտեմբերի)

Անդրադառնալով թուրք գրող Օրհան Փամուկին Նոբելյան մրցանակ շնորհելու շարժառիթներին, «Հայկական ժամանակ»-ը արձանագրել է. - «Ակնհայտ է, որ Փամուկը երբեք Նոբելյան մրցանակ չէր ստանա, եթե չլիներ Ցեղասպանության միջազգային ճանաչման հիստերիան, որ ձեռնարկել են ՀՀ իշխանությունները եւ Սփյուռքը: Նրանք, որ աշխարհին ուզում են ապացուցել, որ թուրքերը զազրելի եւ բարբարոս ժողովուրդ են, ահա, նրանք նույն այդ թուրքերին դրեցին աշխարհի մեծագույն ժողովուրդների շարքում` ժողովուրդ, որ ծնել է Նոբելյան մրցանակի արժանի գրող»: «Եվ հերթական անգամ մեր բարոյական հաղթանակի դիմաց թուրքերը խիստ շոշափելի եւ կոնկրետ հաղթանակ են տանում` ի տարբերություն մեզ, եւ մեր շնորհիվ նրանք ունեցան Նոբելյան մրցանակակիր գրող», - եզրակացրել է «Հայկական ժանամակ»-ի խմբագրականը։

«Չորրորդ իշխանություն»-ը փոխանցել է, թե «Հակոբ Հակոբյանը, որ դարձել է քավության նոխազ իշխանական ռազբորկաների համար, ամեն ինչ արել է իր հետ տեղի ունեցածը «լավով վերջացնելու համար»։ «Խորհրդարանում պտտվող լուրերի համաձայն, պատգամավոր Հակոբյանը վերջերս մի վիլլա է նվիրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին», - գրել է թերթն ու մանրամասնել. - «Հակոբ Հակոբյանը, որը խոստանում է պայթեցնել դատախազության ներկայացրած բոլոր փուչիկները, իրականում մի կերպ փակելով Հայաստանում սկսված դեմարշը իր դեմ, մեկնելու է Հայաստանից։ Հավանաբար, նրա ձեռքից կխլեն ունեցվածքի շատ բաժիններ եւ կուղարկեն արտերկիր», - փոխանցել է թերթը։

«168 ժամ» պարբերականն իր հերթին փոխանցում է, թե «երեկ իր վերջին խոսքոմ Հակոբ Հակոբյանը սենսացիոն հայտարարություն է արել. նա «հաթաթաներ» տալով ակնարկել է, թե մինչ այդ իրեն չեն ձերբակալել, քանի որ ամեն մեկն իր «փայը» վերցրել ու գնացել է՝ մոռանալով պետությունն ու պետության շահը»։ «Մի խոսքով, երեկ այ այսպես Հակոբյանին զրկեցին անձեռնմխելիությունից, ու դատախազությունն արդեն կարող է նրա հետ անել այն, ինչ անում է շարքային քաղաքացիների հետ», - գրել է թերթն ու փաստել. - «Երեկ պատգամավորներն ուշ ժամին արդեն իրար հետ զգուշորեն էին շփվում՝ պարզելու համար, թե դիմացինը ո՞ր կոճակն է սեղմել, դե՞մ, թե՞ կողմ։ Մի խոսքով, «քցողների» փնտրտուք է սկսվել», - եզրակացրել է թերթը։

Չորեքշաբթի օրերին ավանդաբար տեղի ունեցող Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի առնչությամբ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայոց Աշխարհ» թերթում կարծիք է հայտնել, թե «շատ քիչ դեպքեր են լինում, երբ պատգամավորը գիտի, թե ո՞ր հարցն ինչու է տալիս, ի՞նչ խնդիր է հետապնդում դրանով»։ «Ամենից առաջ դա պատրաստի գրված մի թուղթ է, որը երեւութականություն ստեղծելու համար է։ Գոնե ես այդ զգացողությունն ունեմ», - ասել է տիկին Խառատյանն ու եզրակացրել. - «Այդ իմաստով ԱԺ-ի` կառավարությանը հարցեր տալու ժամը ավելի շատ աշխատում է որոշ պատգամավորների դեմ, քան օգտին։ Հեռուստադիտողը հասկանում է, որ պատգամավորը չի պատկերացնում իր հարցը, կատարում է պատահական հանձնարարություն, իսկ նպատակը էկրանին երեւալն է»:

Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության մեջ մեղադրված եւ կալանավորված Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների պաշտպան Հովիկ Արսենյանը «Առավոտ»-ին տեղեկացրել է, որ Գուրգեն Վիրաբյանին պատկանող «Semur&Co» ՍՊԸ-ում ստուգումներ են սկսվել, որոնք կապ չունեն նշված սպանության հետ։ Այդուհանդերձ, ըստ փաստաբանի, քննչական մարմինները փորձում են այնտեղ «անպայման մի բան գտնել ու մեղադրանք առաջադրել»։

«Հայաստանի տնտեսությունը նորից սկսեց աճել: Մի քանի օր այդ աճը կանգ էր առել, եւ դոլարով ապրող ոչ բոլոր քաղաքացիներն էին հասցրել փառաբանել ամենազոր Աստծուն, երբ հանկարծ վագրը արթնացավ քնից ու սկսեց նորից հարձակվել տարադրամի փոխանակման կետերի վրա: Դոլարը նորից սկսեց նահանջել», - գրել է «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանն ու շեշտադրել. - «Զարմանալի է, թե ինչպես Հայաստանի իշխանությունը հանդուրժեց վագրի այդ մի քանի օրվա ծուլությունը: Թեեւ չի բացառվում, որ այդ ծուլությունը տվյալ պահին անհրաժեշտ ծուլություն էր, առնվազն մի խումբ մարդկանց համար, ովքեր մի քանի օրվա դոլարային վերելքից հարստացան մի քանի միլիոնով»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG