Մատչելիության հղումներ

Փամուկին Նոբելյան մրցանակի շնորհման առնչությամբ թուրքական մամուլի մեկնաբանությունները իրարամերժ են


Ուրբաթ օրվա թուրքական մամուլը տարբեր, նույնիսկ իրարամերժ մեկնաբանություններ է հրապարակել թուրք գրող Օրհան Փամուկին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի շնորհման կապակցությամբ:

DPA գործակալության հաղորդագրության համաձայն, թուրքական թերթերի հրապարակումները վերնագրված են՝ «Շնորհակալություն, Օրհան Փամուկ», «Մեր հպարտությունը», «Իմ անունը Նոբել է» (Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի վերնագրի նմանությամբ):

Այնուհանդերձ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փամուկի հայտարարությունների հարցում թուրքական մամուլի մեկնաբանությունները տարբերվում են:

Մասնավորապես, «Վաթան» օրաթերթը հարց է տալիս. - «Նրան Նոբելյան մրցանակ են շնորհել իր խոսքերի՞, թե՞ գրչի համար»:

Զուգահեռաբար անդրադառնալով հինգշաբթի օրը Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած՝ Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ նախատեսող օրինագծին՝ «Հուրիեթ» թերթը գրել է, թե Նոբելյան մրցանակ ստանալը մեծ պատասխանատվություն է դնում Փամուկի վրա: «Նա պետք է գնա եւ ասի [ֆրանսիացիներին], որ իրեն Թուրքիայում բանտ չեն նետել, չնայած ասել էր, թե մեկ միլիոն հայ է սպանվել», - գրում է «Հուրիեթ»-ը:

Այնուհետեւ նույն թերթը կարծիք է հայտնում, որ թուրքերը պետք է հպարտանան Փամուկի մրցանակով: «Շատերը այժմ կկարդան մի հեղինակի վեպերը, որի մասին նախկինում չէին էլ լսել: Նրանք կճանաչեն մեզ, մեր քաղաքները, որտեղ մենք ապրում ենք, մեր մշակութային արժեքները», - համոզված է «Հուրիեթ»-ը:

Ազատական ուղղվածության «Ռադիկալ» թերթը գրում է, թե «ապագայում Թուրքիային կվերաբերվեն որպես Օրհան Փամուկի երկիր»: «Մեկ անգամ եւս աշխարհի ուշադրությունը կսեւեռվի Թուրքիայի, թուրք գրականության եւ Օրհան Փամուկի քաղաքի՝ Ստամբուլի վրա: Փամուկը պատիվ է մեր լեզվի, մեր գրականության եւ մեր երկրի համար», - ասված է «Ռադիկալ»-ի հրապարակման մեջ:

Մինչդեռ, «Սաբահ» օրաթերթին Փամուկի՝ Նոբելյան մրցանակ ստանալը «չի երջանկացնում»:

«Փամուկը մեզանից մեկը չէ: Փամուկը մի մարդ է, ով տեր չի կանգնում իր խոսքերին, ով ընդունակ չէ խիզախաբար պահել իր մտավորական կեցվածքը», - գրում է «Սաբահ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG