Մատչելիության հղումներ

Թուրք դեռահասը կաթոլիկ հոգեւորականի սպանության համար դատապարտվեց 18 տարվա ազատազրկման


Թուրքական դատարանը երեքշաբթի օրը ավելի քան 18 տարվա ազատազրկման է դատապարտել դեռահասին, որը սպանել էր կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյին:

Ինչպես հաղորդում է Turkish Daily News օրաթերթը, 16-ամյա պատանին, որի անունը դատարանը չի հայտնել՝ նշելով միայն անուն-ազգանվան առաջին տառերը՝ Օ. Ա., իրեն մեղավոր է ճանաչվել փետրվարի 5-ին Տրապիզոնում 60-ամյա Անդրեա Սանտորոյին հրազենով սպանելու մեջ, երբ վերջինս ծնկաչոք աղոթում էր իր եկեղեցում:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ, դատավճռի հրապարակումից առաջ իր վերջին խոսքում պատանին հայտարարել է, թե զղջում է արածի համար:

Տրապիզոնի դատարանը պատանուն 18 տարվա, 10 ամսվա եւ 20 օրվա ազատազրկման է դատապարտել կանխամտածված սպանության, ապօրինի զենք պահելու եւ հանրային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու համար:

Պատանու պաշտպան Մահյա Յուստան հայտարարել է, որ ակնկալում էր նման դատավճիռ եւ պատրաստվում է բողոքարկել այն:

Մարդասպանի ընտանիքը վրդովմունք է հայտնել, թե դատարանի նշանակած պատիժը «խիստ ծանր» է:

Թուրքիայում կաթոլիկ հոգեւորականի սպանությունը տեղի է ունեցել փետրվարին, երբ մահմեդական աշխարհը վրդովված էր եվրոպական թերթերում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ:

Ըստ վկաների ցուցմունքների, թուրք դեռահասը կաթոլիկ քահանայի վրա երկու կրակոց արձակելուց առաջ բացականչել է՝ «Ալլահ աքբար», ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է՝ «Աստված մեծ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG