Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը քննարկեց «պատասխանը Ֆրանսիային»


Վաղը Ֆրանսիայի Ազգային ժողովում պետք է քվեարկության դրվի 0սմանյան կայսրության ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար դատական պատասխանատվություն ենթադրող օրինագիծը: Իսկ մինչ այդ,
Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հարցերի հանձնաժողովը այսօր քննարկեց ֆրանսիական օրինագծին թուրքական օրինագիծ հակադրելու հնարավորությունը:

Թուրքերը պնդում են, որ 1830-1962 թվականներին Ալժիրում իշխող Ֆրանսիան արաբների ցեղասպանություն է իրագործել: Թուրք պատգամավորները սպառնում են ընդունել օրենք, որը պատիժ է նախատեսելու այդ «ցեղասպանությունը» հերքելու համար:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որը խիստ քննադատել էր ֆրանսիական օրինագիծը, դեմ է արտահայտվել նաեւ թուրքական խորհրդարանի արդարադատության հանձնաժողովի նախաձեռնությանը:

«Չի կարելի կեղտը մաքրել կեղտով, կեղտը կարելի է մաքրել միայն մաքուր ջրով», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Թուրք պատգամավոր Իբրահիմ Օզդենը հանձնաժողովում հայտարարել է. - «Ֆրանսիան 1,5 միլիոն մարդ է կոտորել Ալժիրում: Մարդասպանն այժմ եկել եւ նստել է դատավորի տեղը»:

Եղել են նաեւ պատգամավորներ, որոնք դեմ են արտահայտվել օրինագծին:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մեհմեթ Դյուլգերը, մասնավորապես, ասել է. - «Չկրկնենք Ֆրանսիայի սխալը, չփոխենք պատմությունը խորհրդարանում»:

Ըստ նույն աղբյուրի, օրինագիծը բավարար թվով աջակիցներ չի ունեցել, եւ թուրք խորհրդարանականները երեք ժամ տեւած բանավեճերից հետո համաձայնել են հարցի հետագա քննարկման համար ենթահանձնաժողով ձեւավորել:

Ենթահանձնաժողովը քննարկելու է նաեւ մեկ այլ առաջարկ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կասեն, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ:

Քչերն են հավատում, թե այս երկու առաջարկները երբեւէ կհայտնվեն խորհրդարանի օրակարգում: Թուրք օրենսդիրների կարծիքով, ենթահանձնաժողովի ստեղծումն ուղղակի ժամանակ շահելու նպատակ ուներ, ինչպես նաեւ՝ Ֆրանսիային ցույց տալու, թե ցեղասպանության հետ կապված հարցերը խորհրդարանները չէ, որ պետք է որոշեն:

«Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ֆրանսիացիներին բազմիցս հորդորել է ընդունել շուրջ 45 հազար ալժիրցիների կոտորածի պատասխանատվությունը: Ալժիրում անկախության շարժումը սկսվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:

Ֆրանսիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության եւ իշխող «Ժողովրդական շարժում» միության աջ թեւի պատգամավորների կազմած օրինագիծը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար նախատեսում է մինչեւ 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

«Ժողովրդական շարժում» միությունը երեկ հայտարարել է, թե քվեարկության օրը դիրքորոշում չի պարտադրելու պատգամավորներին:

Մեկնաբանները ենթադրում են, որ «Ժողովրդական շարժում» միության 362 պատգամավորներից շուրջ 60-ը կողմ են քվեարկելու, մնացյալները պարզապես ներկա չեն լինի քվեարկությանը, ինչի արդյունքում բանաձեւի ընդունումը կվերագրվի սոցիալիստներին:

Ֆրանսիայի գործադիր իշխանությունը ոգեւորված չէ Ազգային ժողովում վաղը քվեարկության դրվող օրինագծով: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Ժան-Բատիստ Մատտեին երեկ երեկոյան ասել է, որ կառավարությունը կապ չունի օրինագծի հետ, եւ հավելել, թե «այդ օրինագիծն անհրաժեշտ չէր»:

Կառավարությանը մտահոգում է Թուրքիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների վատթարացման վտանգը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը վերջին օրերին բազմիցս հայտարարել են, որ օրինագծի ընդունումն անխուսափելիորեն ճգնաժամ է ստեղծելու Անկարայի եւ Փարիզի հարաբերություններում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG