Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 7-ը հոկտեմբերի)

«Կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ ռուս-վրացական ներկայիս դաժան հակամարտությունից կարող է օգտվել Թուրքիան՝ էլ ավելի մեծացնելով եւ հզորացնելով իր ներկայությունը Վրաստանում», - գրել է «Հայոց Աշխարհ»-ը եւ հիմնավորել. - «Թուրքիան ներկայումս Վրաստանում գործում է ոչ միայն սեփական աշխարհաքաղաքական շահերի ապահովման, տվյալ դեպքում` իր ազդեցության տարածման եւ դեպի Ադրբեջան ելք ունենալու համար, այլեւ փորձում է ներքնապես գրավել Վրաստանը՝ արտաքսելով Ջավախքի հայերին, վերադարձնելով թուրք-մեսխեթցիներին, ամրապնդելով այդ երկրի հարավում կոմպակտ ձեւով բնակվող ադրբեջանցիների կշիռն ու ազդեցությունը, այսինքն, կարճ ասած՝ թուրքացնելով մեր հարեւանին»: Մեկնաբանը եզրակացնում է. - «Իր հյուսիսային հարեւանի նկատմամբ կույր ատելությամբ լցված Վրաստանի նախագահի համառ ու հետեւողական ջանքերը արդեն հանգեցրել են նրան, որ վերջին տարիներին իրականացված անհեռատես քաղաքականությունից հրաժարվելու համար այդ երկիրը լուրջ պրոբլեմներ է ունենալու այս անգամ Թուրքիայի հետ»։

«168 ժամ» պարբերականի մեկնաբանը, արծարծելով ռուս-վրացական հարաբերությունների վտանգավոր սրացման թեման, գրել է. - «Հայաստանը հայտնվել է իրոք դժվարին կացության մեջ՝ ո՞ւմ պաշտպանել՝ «ռազմավարական գործընկեր Ռուսաստանի՞ն», թե՞ անմիջական հարեւան Վրաստանին։ Առայժմ հաջողվում է շատ թե քիչ չեզոք դիրք պահպանել, սակայն հարաբերությունների վատթարացման պայմաններում միգուցե դա այլեւս հնարավոր չլինի»։ «Իսկ այս ամենից մենք ընդամենը կարող ենք պատկերացնել, թե ինչ կարող է անել Ռուսաստանը մեզ հետ, եթե մի քիչ անհնազանդ լինենք։ Հո միայն վրացի «օրենքով գողեր» չկա՞ն ՌԴ-ում», - ակնարկել է մեկնաբանը։

«Հակավրացական արշավ Ռուսաստանում, որ բարձրացնում է Պուտինի վարկանիշը» վերնագրի տակ «Ազգ» թերթը փոխանցել է Newsru.com կայքէջում զետեղված սոցիոլոգիական հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն, «ռուսաստանցիները վախենում են որոշ կանխատեսումներով հոկտեմբերի 15-20-ը սկսվելիք Ռուսաստան-Վրաստան պատերազմից»: «Ընդ որում հենց այս վերջին շաբաթում անգամ շուկաները ոչ լեգալ աշխատանքային միգրանտներից մաքրելու հրահանգ տվող Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձրացել է այնքան, որ գրեթե հավասար է նրա առաջին ժամկետի ցուցանիշին», - գրել է թերթն ու շեշտադրել. - «Տարօրինակ է, որ հարցված ռուսաստանցիների մոտ 70 տոկոսը գտնում է, թե ներկա աշխարհում Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար են տրամադրված Վրաստանը եւ Միացյալ Նահանգները: Բացի այդ, հարցվածների մոտ 40 տոկոսը համարում է, որ Ռուսաստանն այսօր շատ քիչ գործընկերներ ունի»:

«Հայկական ժամանակ»-ը, նկատելով, թե Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, ենթադրել է. - «Ղարաբաղում տեղի ունեցող այս զարգացումները ստիպում են մտածել, որ Հայաստանն էլ կարող է նմանօրինակ խնդրի առաջ կանգնել՝ նախորդ տարի տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո»։ «Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ կարող են դիմել Սահմանադրական դատարան, որը կարող է եզրակացնել, որ 2008-ի նախագահական ընտրություններում Քոչարյանի առաջադրման համար արգելք չկա», - գրել է թերթն ու դիտարկել. - «Միջկլանային գզվռտոցը, հնարավոր է, հրահրվում է, որպեսզի բոլորը հասկանան, որ Քոչարյանի հեռացումը անկանխատեսելի հետեւանքներ կունենա»։

«Շառից-փորձանքից հեռու» վերնագրի տակ անդրադառնալով նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի քաղաքական կյանքին չմասնակցելու հանգամանքին, «Առավոտ»-ը բացատրել է. - «Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը այն հազվագյուտ գործիչներից է, որը չի վարկաբեկվել (չի հասցրել) մեր հասարակության աչքում։ Ուստի հիշյալ քաղաքական շրջանակները երբեմն ցանկություն են ունենում իրենց գործերը դասավորել Արմեն Սարգսյանի «պոչից բռնելով»։ Բայց քանի որ քաղաքականությունը Հայաստանում հիմնականում փող աշխատելու (կամ եղած փողերը պահպանելու) ձեւ է, իսկ պարոն Սարգսյանը Լոնդոնում ապրող հաջողակ բիզնեսմեն է ու դրա կարիքը չունի, առնվազն տարօրինակ կլիներ, եթե նա ցանկություն ունենար մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին»։

«Ազգ»-ի մեկնաբանը, անընդունելի համարելով կենսաթոշակի անցած պատգամավորների համար 225 հազար դրամ կենսաթոշակ նախատեսող օրինագիծը, շեշտադրել է. - «Հետաքրքրական է, թե ինչո՞ւ, այդ ո՞ր արդյունավետ գործունեության համար նախկին պատգամավորը սոցիալապես ավելի պաշտպանված պետք է լինի, քան նախկին գիտաշխատողը կամ մշակութային հիմնարկի աշխատակիցը»: Ապա մեկնաբանն առանձնացրել է. - «Պատգամավորներն էլ, ժողովրդական լեզվով ասած, մարդ են ի վերջո: Ժողովուրդ, սոցիալական վիճակ, անարդարություն եւ այլն: Իրականում ամեն ինչ հանգում է անձնական բարեկեցության խնդրին, որը հարկ է ապահովել օգտվելով ընձեռված հնարավորությունից, օգտագործելով ամեն առիթ եւ բացարձակապես թքած ունենալով բնակչության սոցիալական վիճակի ու հասարակական կարծիքի վրա»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG