Մատչելիության հղումներ

Տրայան Բասեսկու. «Պահեք պատմությունը պատմության գրքերում եւ մտածեք ապագայի մասին»


«Պահեք պատմությունը պատմության գրքերում եւ ժողովուրդների հիշողության մեջ եւ մտածեք ապագայի մասին», ֊- այսօր Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:

Պատասխանելով Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին, Ռումինիայի ղեկավարը կարծիք հայտնեց. ֊- «Եթե ապագայի ճանապարհին պատմությունը շարունակաբար հանդես գա որպես վեճի առարկա, դուք հաջողության չեք հասնի Եվրամիությանն ինտեգրման հարցում, որովհետեւ այդ դեպքում չեք համապատասխանի քաղաքական հիմնական չափանիշներից մեկին, որը պահանջվում է եվրոպական ընտանիք մտնելու համար»:

Ռումինիայի նախագահը փաստեց, որ իր երկիրն էլ է Հունգարիայի հետ պատմական վեճեր ունեցել, եւ Ռումինիան այսօր էլ մասնատված է, բայց վեճը չի տեղափոխվում Եվրամիություն կամ ՆԱՏՕ:

«Ռումինիան այն երկրներից է, որոնք կարող են վեճեր ունենալ հարեւան երկրների հետ՝ սահմանի, պատմության առնչությամբ եւ այլն: Հայաստանը նույն իրավիճակում է, եւ Թուրքիան նույնպես: Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի նման ոչ մի կազմակերպություն չի ընդունի պատմական վեճերի տեղափոխումը իր ներսը: Եվ այս կառույցին ինտեգրման հիմնական չափանիշն է՝ բարիդրացիական հարաբերություններ ունենալը, պատմական վեճերը Եվրամիություն կամ ՆԱՏՕ չտեղափոխելու համար», - ասաց Բասեսկուն:

Հաջորդ տարվա սկզբին Ռումինիան դառնալու է Եվրամիության անդամ: Խոսելով այդ մասին՝ Բասեսկուն փաստեց, որ «Եվրամիությանն անդամակցության կարեւորագույն այցեքարտը առաջին հերթին ժողովրդավարական ընտրություններն են», հավելելով, որ «Ռումինիան դժվարությամբ է հասել «թափանցիկ» ընտրություններին»:.

«Դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն տանող ճանապարհին մենք, ձեզ պես, անընդհատ քննություն էինք հանձնում եւ անընդհատ ձախողվում էինք, որովհետեւ մեզ մոտ էլ, ինչպես ձեզ մոտ, այնպիսի բաներ էին կատարվում, որոնք հակառակ էին Եվրոպայի պահանջներին: Տարիներ պահանջվեցին, որպեսզի ժողովրդավարությունը ոչ թե լինի զուտ ձեւական կատեգորիա, այլ կիրառվի ըստ էության: 2007 թվականին մենք կանդամակցենք Եվրամիությանը, բայց դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի կատարյալ ձեւով ինտեգրվենք: Մեր տնտեսությունը պետք է հավասարապես զարգացած լինի ՝ անդամ մյուս երկրների պես, եւ կենսամակարդակը պետք է հավասարապես բարձր լինի», -֊ եզրափակեց Ռումինիայի նախագահը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG