Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Մենք կցանկանայինք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվեր հնարավորինս շուտ»


Երեկ երեկոյան Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսում անդրադարձ է եղել Կոսովոյի, ԱՊՀ-ի տարածքի սառեցված հակամարտությունների կարգավորմանը:

Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ ԱՊՀ-ի տարածքի սառեցված հակամարտությունների հարցում եւս պետք է գնալ Կոսովոյի ճանապարհով, որտեղ աշխատում է ՄԱԿ-ի վարչակազմը, Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանել է, թե ՄԱԿ-ի վարչակազմը Կոսովոյում ստեղծվել է, որովհետեւ եթե այդպես չարվեր, ապա արյունահեղությունը կշարունակվեր. - «Մտցվեցին միջազգային զորքեր, որովհետեւ կողմերն իրենք չկարողացան պայմանավորվել, չկարողացան դադարեցնել բախումները»:

Իսկ ինչ վերաբերում է ԱՊՀ-ի տարածքի հակամարտություններին, ապա, Լավրովի կարծիքով, ՄԱԿ-ի վարչակազմեր ստեղծելու անհրաժեշտություն այստեղ չկա, որովհետեւ կողմերն իրենք, միջնորդների՝ Ռուսաստանի եւ այլ պետությունների օգնությամբ, պայմանավորվել են կարգավորման մեթոդների մասին:

ԱՊՀ-ի հակամարտություններից յուրաքանչյուրի դեպքում կան եւ պահպանվում են կողմերի պայմանավորվածությունները, կարգավորման ֆորմատները, եւ պետք է այդ ֆորմատներով աշխատել, ասել է Լավրովը եւ կարծիք հայտնել, որ դա միակ ճանապարհն է՝ լուծելու այդ հակամարտությունները, որոնք ընդունված է «սառեցված» անվանել:

Ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության թղթակցի հարցին, որ վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 2006 թվականին կարգավորելու հնարավորությանը, Սերգեյ Լավրովը պատասխանել է. - «Մենք կցանկանայինք, որ այդ հակամարտությունը կարգավորվեր որքան հնարավոր է շուտ: Համանախագահները դրա համար գործադրում են բոլոր ջանքերը: Հենց այս օրերին նրանք տարածաշրջանում են»:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, դեռեւս չհամաձայնեցված հարցերի շուրջ համանախագահները կոնկրետ ձեւակերպումներ ունեն, «բայց, վերջին հաշվով, ամեն ինչ կախված է կողմերից»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG