Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գլուխները կախ կմասնակցեն հերթական ռաունդին» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանն արձանագրել է. - «Երբ ասվում է, որ կողմերի միջեւ բանակցային շփումները վերականգնվեցին՝ պարզ է, որ պաշտոնական Երեւանը, որը ՄԱԿ-ում «հրդեհային», ապա «սառեցված հակամարտությունների» քննարկումների ծիրում սպառնում էր, թե դուրս կգա բանակցություններից, այսօր չի կարող բանակցությունները բոյկոտել։ Ինչո՞ւ»: Իր այս հարցին մեկնաբանը պատասխանել է. - «Որովհետեւ քոչարյանական իշխանությունների սպառնալիքները միջազգային հանրության համար լուրջ հիմք չեն բանակցությունները դադարեցնելու համար եւ Քոչարյանին ոչինչ չէր մնում, քան բավարարվել՝ «Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ դաշնություն» կազմելու մասին, իր ընկալմամբ՝ բանակցությունների շարունակությունը կասկածի տակ դնող հայտարարությամբ»։

«Նյարդերը չդիմացան» վերնագրի տակ «168 ժամ» պարբերականն այսօր փոխանցել է, թե «ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում, որ նվիրված էր սահմանադրության նախագծի քննարկմանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. - «Սահմանադրության ընդունմամբ պետությունը իր կյանքը սկսում է նոր էջից։ Եւ գործող նախագահն էլ կարող է առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում»։ Առանձնացնելով, որ «խոսքը Արկադի Ղուկասյանի նախագահության երրորդ ժամկետի մասին է», պարբերականը հիշեցրել է. - «Առայսօր տարբեր միջազգային ատյաններում եւ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի ամենազորեղ փաստարկներից մեկը եղել է այն, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է եւ առաջ է շարժվում ժողովրդավարական պետության ուղիով»։ «Հետաքրքիր է, եթե Արկադի Ղուկասյանն այնուամենայնիվ առաջադրվի երրորդ անգամ, ԼՂՀ միջազգային հեղինակությունը դրանից կբարձրանա՞, թե՞, կնվազի», - հարցրել է պարբերականը։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում գնահատելով քաղաքական առճակատումը իշխանություն-ընդդիմություն ավանդական ձեւաչափից «կրիմինալ-հակակրիմինալ» հարթություն տեղափոխելու ընդդիմության փորձերը՝ քաղաքագետ Ալեքսանդար Իսկանդարյանը նկատել է. - «Իհարկե, պետք է ընդունել, որ «կոռուպցիա եւ կրիմինալ» ասվածը ամենուր է՝ ոչ միայն իշխանական կառույցներում, այլեւ կրթական համակարգում, բիզնեսում, ավելի ցածր մակարդակներում։ Այսինքն՝ խնդիրը կա, եւ այդ խնդիրը պետք է լուծվի։ Բայց դրա համար պետք է, որ նաեւ հասարակությունը պատրաստ լինի այդ պայքարին»: Ապա փորձագետը հավելել է. - «Որքան էլ կարող է արտառոց հնչել, Հայաստանի կառավարման համակարգից կոռուպցիայի բաղադրիչը պոկելով եւ ստերիլ կառավարման համակարգ ստեղծելով՝ այսօր կարելի է ոչ միայն տնտեսությունը փլուզել, այլեւ պետության հիմքերը խարխլել։ Կոպիտ ասած՝ այսօրվա դրությամբ կոռուպցիան Հայաստանի տնտեսության անխափան «աշխատանքը» ապահովող քսայուղն է, առանց որի այն պարզապես կդադարի գործել»։

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր անդրադառնալով «կրիմինալ-հակակրիմինալ» արծարծումներին՝ շեշտադրել է. - «Տարօրինակ կլիներ, եթե քաղաքական ընդդիմությունը իշխանության հետ դիմակայության մեջ չօգտագործեր այդ անվրեպ գործոնը՝ կոռուպցիայի դեմ պայքարը։ Օգտագործեց, սակայն՝ անօգուտ»: Մեկնաբանը բացատրել է. - «Ժողովուրդը իմաստուն է դարձել։ Եվ ինչպես նա կարող էր կուլ տալ նույն խայծը՝ ընդդիմության առաջին շարքերում տեսնելով նախկին վարչապետների, նախարարների, ներառյալ ներքին գործերի նախարարի, քաղաքապետների, մաքսային եւ հարկային պետերի, որոնք իրենց աշխատանքի տարիներին ամեն ինչում նկատվել են, բացի ազնիվ ու անթերի ծառայության, կամ Աստված ազատի՝ կոռուպցիայի դեմ պայքարի փորձերի մեջ»։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, պնդելով, թե այսօր Հայաստանում առկա են լճացման բոլոր հատկանիշները, թվարկել է դրանք. - «Երկրի առաջին դեմքի անզուսպ մեծարումը, աջ ու ձախ շքանշանների եւ մեդալների բաժանումը, առաջին անհրաժեշտության ապրանքների գրեթե ամենօրյա թանկացումը եւ զուգահեռաբար պաշտոնական «փչոցները» տնտեսական աճի մասին, բյուրոկրատիայի անսքող եւ լկտի կաշառակերությունը»: «Ցանկացած երկրի իշխանական վերնախավ, երբ տեսնում է, որ լճացման շրջանը մոտենում է իր ավարտին, մտածում է իր եւ, ինչու չէ՝ նաեւ պետության հետագա գոյատեւման մասին», - գրել է գլխավոր խմբագիրն ու տեղայնացրել. - «Հայաստանի վերնախավը նույնպես մտածում է երկրի անխուսափելի վերափոխումը կառավարելի դարձնելու մասին: Քանի որ ընտրություններ Հայաստանում չեն անցկացվում եւ դեռ երկար տարիներ չեն անցկացվի, մեր իշխանավորները «մտածում» են մոտավորապես այնպես, ինչպես դա ժամանակին անում էին խորհրդային առաջնորդները. ում նշանակել՝ ցնցումներից խուսափելու համար»:

«Կրակել են նախարարի վրա՞» վերնագրի ներքո «Առավոտ»-ը գրում է, որ իրենց աղբյուրների պնդմամբ, երկուշաբթի գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել, թե կրակել են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի վրա, որն իր հյուրերի հետ նստած է եղել սրճարանում: Ոստիկանությունը բերման է ենթարկել այս սրճարանի այլ հաճախորդների, եւ բոլորը հերքել են, թե կրակոց է եղել: Ըստ «Առավոտ»-ի աղբյուրի, հաջորդ առավոտ Վարդան Խաչատրյանն էլ է հրաժարվել իր ասածից` թվացյալ կրակոցը պատճառաբանելով խմածությամբ: Սակայն նախարարը երեկ «Առավոտ»-ին հաստատել է. - «Գարեջուր խմելուս ժամանակ կրակեցին կողքի սեղանի մոտ: Ես դիմել եմ ՀՀ ոստիկանապետին, ասել եմ, որ այստեղ կրակում են: Ոստիկանությունը եկավ, ու թե ինչ է եղել հետո` այլեւս տեղյակ չեմ»: Ուշագրավն այն է, որ Կենտրոնի ոստիկանությունն «Առավոտ»-ի հարցին ի պատասխան հերքել է, թե նման ահազանգ են ստացել:

Մեկ այլ կրակոցի մասին գրում է «168 ժամ» թերթը, ըստ որի, երեկ երեկոյան, ժամը 21:30-ի սահմաններում, քաղաքի կենտրոնում` Պուշկինի փողոցի վրա, տեղի է ունեցել հերթական կրակոցը, որն այս անգամ, բարեբախտաբար, մահացու չի եղել: Անհայտ անձը կրակել է ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ, գեներալ, Երեւանի նախկին ոստիկանապետ Արամ Զաքարյանի ուղղությամբ: Վերջինս չի հասցրել նկատել հանցագործի դեմքը, որը կրակահերթից հետո փախել է:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG