Մատչելիության հղումներ

Հեռուստատեսությանը վերաբերող վիճահարույց օրինագիծը չընդունվեց


Այսօր Հայաստանի խորհրդարանը չկարողացավ հաստատել հեռուստատեսությանը եւ ռադիոյին վերաբերող վիճահարույց օրենսդրական փաթեթը:

Քվեարկության համար անհրաժեշտ էր առնվազն 66 պատգամավորի մասնակցություն, մինչդեռ այսօրվա քվեարկությանը մասնակցեց ընդամենը 47 խորհրդարանական, որից 46-֊ը քվեարկեց կողմ եւ 1-֊ը` դեմ:

Քվեարկությունը բոյկոտեցին ընդդիմադիր ուժերը՝ «Արդարություն» դաշինքը, «Ազգային միաբանություն»֊-ը եւ «Օրինաց երկիր»֊-ը, ինչպես նաեւ իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը:

Օրինագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է փոխել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմավորման կարգը, բուռն վեճերի առարկա էր դարձել խորհրդարանում:

Նախօրեին Հայաստանի 5 լրագրողական կազմակերպություններ կոչ էին արել պատգամավորներին չընդունել օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ, պատճառաբանելով, որ հետագայում դժվար կլինի դրանում էական փոփոխություններ կատարել:

Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, դաշնակցական Ռուբեն Հովսեփյանը, որը միակ դեմ քվեարկողն էր, «Ազատություն» ռադիոկայանի զրույցում ասաց, թե «բոլորովին չի խախտել խմբակցության որոշումը բոյկոտելու մասին եւ իր բացասական վերաբերմունքն արտահայտել է»:

«Ես կարծում եմ, որ այս օրենքը պետք է
հիմնովին փոխվի»,֊ - նշեց պատգամավորը, հավելելով. -֊ «Հատկապես՝ սահմանադրությամբ այս ոլորտը կարգավորող մեկ մարմին է ամրագրված, իսկ այդ երկրորդ մարմինը, որը Հանրային հեռուստատեսությանն է վերաբերում, սահմանադրորեն չի ամրագրված»:

Նույն տեսակետն արտահայտեց նաեւ Շավարշ Քոչարյանը, որն այսօր հրավիրած ասուլիսում ողջունեց նախագծի տապալումը, ասելով, որ դա «նորմալ օրենք ունենալու հույս է ներշնչում»:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հեռախոսային հարցազրույցում չհամաձայնեց, թե նախագիծն այսօր տապալվեց. -
«Պարզապես քննարկումներ են, որոնց մի մասը՝ բավական առողջ… Առողջ տեսակետներ հայտնեց, կարծում եմ, օրինակ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Լինելով աշխատավորների շահերը պաշտպանող կուսակցություն՝ նա պետք է պաշտպանի նաեւ այն հեռուստաընկերությունների շահերը, որոնք թույլ են, աղքատ…»:

Հարցադրմանը, թե օրենքում առաջարկված որոշ փոփոխություններ ընդունվելու դեպքում Հանրային հեռուստաընկերությունը «կխժռի» ամբողջ գովազդային դաշտը, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. - « Նախագծում առաջարկվում էր հավասար դաշտ ստեղծել, ինչպես դա արվել է Վրաստանում, Ադրբեջանում, Եվրախորհրդի անդամ բոլոր երկրներում: Նայած, թե որն է ցանկությունը: Եթե նույնիսկ Հանրային հեռուստաընկերությանը փորձեն կոմերցիոն առումով ճնշել եւ բերել այնպիսի վիճակի, որ այն առաջինը չլինի, ուզում եմ շատ մարդկանց հիասթափեցնել՝ Հանրային հեռուստաընկերությունից հետո գտնվող երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ տեղերը եւս զբաղված են»:

Հանրային հեռուստաընկերությունը 2005 թվականին պետբյուջեից ստացել է 2 միլիարդ 255 միլիոն դրամ, կոմերցիոն եկամուտները կազմել են մոտ 240 միլիոն դրամ, այս տարի արդեն կոմերցիոն եկամուտները նախատեսված է հասցնել մոտ 461 միլիոն դրամի:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կոմերցիոն եկամուտները 2005֊-ին կազմել են մոտ 33 միլիոն դրամ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG