Մատչելիության հղումներ

Երեւանում քննարկվում են Հարավային Կովկասի զարգացման նոր միտումները


«Հարավային Կովկասը 2006 թվականին. զարգացման նոր միտումներ, մարտահրավերներ եւ վտանգներ» թեմայով երկօրյա քննարկում սկսվեց այսօր Երեւանում, որը նախաձեռնել է «Սպեկտրում» ռազմավարական վերլուծությունների կենտրոնը:

Եվրամիության, ՆԱՏՕ-ի, տարածաշրջանային եւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկման ժամանակ անդրադարձան տարածաշրջանային անվտանգության, հակամարտությունների կարգավորման խնդիրներին, ինչպես նաեւ դերին, որ կարող են եւ պետք է կատարեն Եվրամիությունը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու համար:


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին, անդրադառնալով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործառույթներին, տեղեկացրեց, որ այս ամիս Երեւանում բացվելու է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, որը կօգնի Հայաստանի բնակիչներին ավելի հստակ պատկերացնել, թե ինչ է հյուսիսատլանտյան այս կառույցը:

«Հույս ունենք, որ կենտրոնը կօգնի ձերբազատվել այն մտայնությունից, թե ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը ինչ-որ տեղ մրցակցության մեջ են, եւ դեմքով դեպի ՆԱՏՕ-ն դառնալու համար, նախ, պետք է երես թեքել Ռուսաստանից», - ասաց Էնթոնի Գոդֆրին:

Տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի խոսքով, իր ներկայացրած կառույցը երեք ամիսների ընթացքում Սեւծովյան ավազանում արդեն որոշակի իրավունքներ կունենա, ինչը նշանակում է, որ Եվրամիության հետաքրքրություններն այս տարածաշրջանում, ինչպես նաեւ մասնակցությունը տարբեր գործընթացներին էլ ավելի կընդգծվեն, հատկապես երբ սկսվեն բանակցությունները Թուրքիայի անդամակցության շուրջ, երկիր, որը սահմանակից է Հարավային Կովկասի երեք հանրապետություններին:

Սեմնեբին նաեւ նշեց, որ այս տարածաշրջանում անհրաժեշտ է ստեղծել արեւմտյան չափանիշներին համատասխանող ինստիտուտներ, ու նաեւ ընդգծեց, որ անհրաժեշտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ մասնակցություն ունենան տարածաշրջանի գործընթացներին:

Ինչ վերաբերում է հակամարտությունների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության դերակատարությանը, ապա, ըստ Փիթեր Սեմնեբիի, իրենք միայն կարող են եւ պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակներում փորձագիտական, քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, իսկ միջնորդական առաքելությունը բացառապես ԵԱՀԿ-ի գործառույթն է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնեն, Բրյուսելից հեռուստակամուրջի միջոցով դիմելով քննարկման մասնակիցներին՝ մասնավորապես, ասաց, որ անհրաժեշտ է ակտիվացնել ժողովրդական դիվանագիտությունը, ինչը մեծապես կնպաստի տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորմանը:

Քննարկմանը մասնակցող Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Ազգային եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի նախագահ Լեյլա Ալիեւան, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ՄԱԿ տեղափոխելու ուղղությամբ, պատասխանեց. - «Խնդիրն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե իրենք սպառել են իրենց հնարավորությունները, ուստի Ադրբեջանը, դիմելով ՄԱԿ-ին, կարծես, փորձ է արել ակտիվացնել համանախագահներին: Գուցե
համանախագահների վերջին շրջանի ակտիվությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով, այսպես ասած՝ մրցակցություն է սկսվել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG