Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակ. «Ֆրանսիան ցանկանում է ուղեկցել բարեկամ Հայաստանին արդիականացման իր ընթացքում»


«Հայաստան գնալը հասարակ բան չէ», - պետական այցով Հայաստանի մեկնելու նախօրեին «Nouvelles d’Armenie» ամսագրի հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

«Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել», - շարունակել է Ֆրանսիայի նախագահը: - «Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին եւ մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես` հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել»:

Մոտ 500 հազար ֆրանսահայերը, Շիրակի խոսքերով, «[Ֆրանսիայի]հանրապետության արժանի զավակներն են, նրանք մեր հասարակության ներկայացուցիչներն են». - «Նրանց միակ տարբերիչ գիծը հաճախ նրանց ազգանունն է եւ Հայաստանի սուրբ հողին անկեղծ կապվածությունը»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վաղուց ճանաչում է Շարլ Ազնավուրին եւ Լեւոն Սայանին, իսկ Յուրի Ջորկաեֆը, որի հետ ծանոթացել է 1998 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, ուղեկցելու է իրեն առաջիկա այցի ընթացքում:

«Հայաստանը Փարիզում ներկայացած է գերազանց դեսպանով՝ ի դեմս Էդվարդ Նալբանդյանի», - հավելել է Շիրակը:

Գնահատելով Հայաստանի զարգացումը անկախության 15 տարիների ընթացքում՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ «Հայաստանը շատ հին քաղաքակրթություն է եւ շատ երիտասարդ ժողովրդավարություն»:

«Քանի որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, նա ցանկանում է ուղեկցել Հայաստանին քաղաքական արդիականացման իր ընթացքում, ցանկանում է նրան օգնել կառուցելու հանրային ազատությունները երաշխավորող պետություն», - ասել է Շիրակը: - «Երեւան կատարելիք այցիս կապակցությամբ ես ցանկանում եմ ինձ հետ տանել վստահության ուղերձ, որ Հայաստանը հաջողությամբ կիրականացնի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցին Շիրակը պատասխանել է. - «Ես անձամբ ներգրավված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ տեղյակ եմ դրա պատճառած տառապանքին, քանի որ խաղաղությունը տարածաշրջանի ժողովուրդների համար ժողովրդավարական եւ բարգավաճ ապագա կառուցելու միակ ճանապարհն է»:

«Մի քանի անգամ՝ Փարիզում, Քի Ուեսթում Ռամբույեում, ես տեսել եմ, որ մինչեւ խաղաղություն մեկ քայլ էր մնացել»,- ասել է Շիրակը: - «Այսօր Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ինձ թվում են ազնիվ, հավասարակշռված եւ բանական: Մաղթանքս է, որպեսզի Երեւանում, ինչպես եւ Բաքվում, ունենան խաղաղության հասնելու համար անհրաժեշտ խիզախությունը»:

«Այսօր Մեծ ութնյակը, միջազգային հանրությունը պատրաստ են երաշխավորելու խաղաղության համաձայնությունը: Իսկ վա՞ղը... Բաց չթողնենք այս հնարավորությունը»», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Պատասխանելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը վերաբերող հարցին, մասնավորապես, թե շարունակելո՞ւ է արդյոք Ֆրանսիան պնդել, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Շիրակը ասել է. - «Անդամակցությունն ինքնին ենթադրում է չափանիշների հարգում, բարեփոխումների ընդունում: Դա երկար եւ դժվարին ճանապարհ է: Իմ համոզմամբ, Եվրոպական միության, ինչպես նաեւ Հայաստանի շահերից է բխում, որ Թուրքիան հակվի դեպի մեր արժեքները, մարդու իրավունքների, խաղաղության, ժողովրդավարության մեր պատկերացումները»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ տարբեր առիթներով բարձրացրել է սահմանների բացման հարցը թուրքական իշխանությունների առջեւ, սակայն «ակնհայտ է, որ այս խնդիրը շատ ամուր կապվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, եւ կարգավորման հարցում առաջընթացը վճռական ազդեցություն կունենա այս հարցի վրա»:

Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությանը, ապա, Ֆրանսիայի նախագահի խոսքերով, «Եվրոպան նախ եւ առաջ հաշտեցման, խաղաղության, հարգանքի եւ այլոց առջեւ բաց լինելու ջանք է»:

«Նույնիսկ եթե դա երկար եւ դժվարին գործընթաց է, ես հավատում եմ հիշողության առաջ այս պարտքը կատարելու՝ Թուրքիայի ընդունակությանը», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG