Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հասարակական հնչեղություն ունեցող օրինագծերը բարդացնում են մեծամասնության վիճակը» վերլուծականում «Ազգ»-ը անդրադառնում է երեկ խորհրդարանում տապալված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծին ու եզրահանգում. - «Նախընտրական տարվա տրամաբանությունը հուշում է հասարակության որոշ շերտերի զայրույթը շարժող օրինագծերի քվեարկությունից հեռու մնալ»:

Հայաստան կատարելիք պետական այցի նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարին, շեշտադրել է. - «Հայկական ուշիմությունը, տնտեսական դինամիզմը, Հայաստանի աշխարհառազմավարական դիրքը լիովին օգտակար կլինեն միայն բաց սահմանների եւ բոլոր հարեւանների հետ կանոնավորված հարաբերությունների պարագայում։ Բազմաթիվ անգամ՝ Փարիզում, Քի Վեստում, Ռամբույեում խաղաղությունը շատ մոտ եմ տեսել։ Այժմ այդ մասին ասել եմ նախագահ Քոչարյանին եւ նախագահ Ալիեւին. Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններն ինձ թվում են ազնիվ, հավասարակշռված եւ ողջամիտ։ Ուստի մաղթում եմ, որ Երեւանում ինչպես եւ Բաքվում խաղաղության խիզախում դրսեւորվի», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահն ու հավելել. - «Այսօր մեծ ությակի տերությունները միջազգային հանրությունը պատրաստ են երաշխավորելու խաղաղության համաձայնությունը։ Ի՞նչ կլինի վաղը։ Բաց չթողնենք այս պատեհ առիթը»։

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, արձանագրելով, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացում իրականում հայտարարվել է հերթական «թայմ աուտը», առանձնացրել է. - «Բանակցային գործընթացի հետագա ճակատագիրը պարզ կդառնա միայն նրանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակը կպարզի իր ներսում առաջ եկած լուրջ տարաձայնությունները, որոնց առանցքում ընկած է ոչ այնքան ԱՄՆ-ի կողմից ՎՈՒԱՄ-ի առջեւ վառված «կանաչ լույսը», որքան ՎՈՒԱՄ-ական երկրներին ՆԱՏՕ-ի մեջ ներառել-չներառելու խնդիրը»։
Այսպիսով, ըստ թերթի մեկնաբանի, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների փակուղի մտնելը «իրականում ոչ թե Ադրբեջանի ցուցաբերած համառ մերժողականության, այլ միջնորդ երկրների փոխհարաբերություններում առաջ եկած լուրջ տարաձայնությունների հետեւանք է, որոնց գոյության պարագայում կողմերին կարելի է ամեն ինչի մասին խոսել, բայց ոչինչ չանել, ինչը եւ տեղի է ունենում այսօր»։

Իր հերթին «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը, ղարաբաղյան կարգավորման թեման զարգացնելով Արեւմուտք-Ռուսաստան շահերի բախման ենթատեքստում, մասնավորապես, նկատել է. - «Ղարաբաղյան հարցը, որ մինչեւ օրս գտնվում էր փակուղային վիճակում, այլեւս հայտնվել է փակ շրջանակի մեջ, որից դուրս գալ Հայաստանը ո’չ կարող է, եւ ինչպես երեւում է՝ ո’չ էլ ուզում է։ Զի մեզանում կրկին ընթանում է Ռուսիո շահերի լավագույնս սպասարկում», - գրել է մեկնաբանն ու մասնավորեցրել. - «Ի տարբերություն Արեւմուտք - ԱՄՆ-ի, որը հարցը բռնել է գլխից, սա հարցը բռնել է ոտքերից, եւ իրեն հատուկ տխրահռչակ պահվածքով փորձում է ժանդարմի իր ներկայությունը տարածաշրջանում դարձնել հավիտյան, այս անգամ արդեն՝ հակակրիմինալ շարժմամբ, որով փորձում է շեղել բոլորի ուշադրությունը բուն խնդրից, առաջացնել ներքաղաքական անկայունություն, այդ ապակայունացման ընթացքում ձեւավորել այլընտրանքային ուժ, որին հարկավոր պահին, եթե Քոչարյանն այլեւս չի համապատասխանի Ռուսիո քիմքին, շատ արագ սեփական դրածոյին վերատեղավորել տենչալի աթոռին»։

«Առավոտ»-ի խմբագիրը, այսօր փաստելով Հայաստանում իշխանության եւ բիզնեսի սերտաճման իրողությունը, առանձնացրել է. - «Վերեւում կա մեկ կամ մի քանի «կոորդինատոր», ով մեկին օբյեկտ է տալիս, մյուսին՝ քաղաքապետ կամ գյուղապետ նշանակում, երրորդին՝ հարկայինում կամ մաքսայինում պաշտոն տալիս, չորրորդին՝ պատգամավոր դարձնում եւ այլն, եւ համակարգն այդպիսով ամբողջացնում: Ջարդել այդ համակարգը՝ անիրատեսական է եւ նույնիսկ՝ շատ վտանգավոր: Վերափոխել, «քաղաքակրթել» այն, թեեւ չափազանց դժվար է, բայց՝ հնարավոր: Անվերապահ վստահություն վայելող «կոորդինատորը» կարող է հայտարարել. «Այն, ինչ արել եք առ այսօր՝ թալանել եք, խլել եք, ծեծել-ջարդել եք, հարկեր չեք մուծել, ձեզ է մնալու: Մի՛ ձգտեք պատգամավոր դառնալ՝ ձեր փողերը ապահովագրելու համար, ձեզ ոչ ոք ձեռք չի տա: Մի՛ ձգտեք գործադիր կամ տեղական ինքնակառավարման մարմիններ՝ դա ձեր հարստությունը չի ավելացնի: Եվ այսօրվանից խաղում ենք միայն կանոններով»: Ենթադրում եմ, որ այսօրվա խոշոր գործարարների մեջ կան մարդիկ, որոնք դրանում շահագրգռված կլինեն: Խնդիրն այն է, որ նրանք նման խոստումներին դժվար թե հավատան»:

Նույն թերթը այսօր փոխանցելով, թե Աջափնյակում արդեն օրինախախտումներ կան, հավելել է. - «Մինչ թեկնածուների գրանցումը եւ քարոզարշավի սկիզբը հակաօրինական է ե՛ւ շտաբների ստեղծումը, ե՛ւ հօգուտ թեկնածուների քարոզչությունը: Սակայն արդեն երեկ էին Աջափնյակի Հալաբյան փողոցի բնակիչների դռները ծեծում մարդիկ, որոնք ներկայանում էին իբրեւ Արման Սահակյանի նախընտրական շտաբի անդամներ: Նրանք ցուցակներում նշումներ էին անում, թե արդյոք տվյալ բնակիչը պատրաստվո՞ւմ է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, նաեւ քարոզչություն անում իրենց թեկնածուի ու հակաքարոզչություն՝ նրա մրցակիցների հասցեին»։

«168 ժամ» թերթի տեղեկություններով, պաշտպանության փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանի փեսան՝ Կարեն Պողոսյանը Էջմիածին քաղաքում ծեծի ենթարկել մի քաղաքացու այն բանի համար, որ նրան դուր չի եկել այդ քաղաքացու մեքենա վարելու ձեւը։ Իսկ երբ վարորդը փորձել է փախչել , Պողոսյանը կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Թերթը փորձել է այդ տեղեկությունը ճշտել ոստիկանությունից, սակայն, այնտեղից հայտնել են, որ նման դեպք իրենց մոտ արձանագրված չէ։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG