Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ադրբեջանը փորձում է գործընթացը վիժեցնել Հայաստանի ձեռքով»


«Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:


Հարց. - Պարոն նախարար, երեկ Դուք ավարտեցիք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մեր նախորդ հարցազրույցում Դուք ասել էիք, որ հնարավոր է նաեւ հանդիպում Էլմար Մամեդյարովի հետ, սակայն, ինչպես տեսանք, այդ հանդիպումը չկայացավ: Կարո՞ղ եք պատմել, թե ինչու:

Վարդան Օսկանյան. - Համանախագահողների հետ հանդիպումը բավական կառուցողական մթնոլորտում անցավ: Հիմնական խնդիրը, որն այնտեղ օրակարգում կար եւ մենք քննարկում էինք, այսօր ստեղծված իրավիճակն էր:

Իրոք, Փարիզի մեր հանդիպման ընթացքում խոսք կար Նյու Յորքում նախարարների միջեւ հանդիպում անցկացնելու մասին, բայց երբ ՎՈՒԱՄ-ը՝ [հակամարտությունները քննարկելու առաջարկը] օրակարգի հարց դարձրեց, իրավիճակը մի քիչ փոխվեց, եւ այդ հանդիպումը մեր առաջարկությամբ հանվեց:

Մեզ համար անհրաժեշտություն ստեղծվեց իրավիճակը պարզել, համանախագահների հետ հստակեցնել, թե ինչպիսի՞ հնարավոր զարգացումներ այնտեղ կարող են լինել: Եվ այս հանդիպման ընթացքում հենց դա արվեց:

Այդ իմաստով, ես բավարարված եմ այն բացատրությունից, որ տրվել է: Հիմա իրավիճակը ավելի լավ ենք պատկերացնում, եւ արդեն համապատասխան որոշում երեւի թե կկայացնենք, թե հաջորդ մեր անելիքները ինչ են լինելու:

Հարց. - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասում է, որ, ըստ էության, Դուք հրաժարվում եք հանդիպել իր հետ: Այդպե՞ս է:

Վ. Օ. - Գիտեք, հրաժարվելու հարց չկա այստեղ: Միշտ էլ այդ հանդիպումները երկուստեք պայմանավորվածությամբ են լինում: Համանախագահները ուղղակի առաջարկը դնում են, եւ նպատակահարմարությունից ելնելով, որոշում է կայացվում՝ հանդիպում անցկացնե՞լ, թե՞ ոչ:

Այդ հանդիպումները երբեք ինքնանպատակ չեն լինում: Երբ նախարարների հանդիպում է լինում, մենք հստակ նպատակ ենք դնում՝ առաջընթաց արձանագրել, փորձել համապատասխան իրավիճակ ստեղծել նախագահների հանդիպման համար: Բայց որովհետեւ ՄԱԿ-ում նոր զարգացումներ են եղել, իմաստ չկար նախարարների հանդիպման՝ դա ուղղակի ժամանակի կորուստ կլիներ:

Իմ հանդիպումը համանախագահների հետ բավական արդյունավետ էր: Որոշ դրական տեղաշարժեր կան, եւ միայն Երեւան վերադառնալուց հետո մենք արդեն կորոշենք մեր հաջորդ անելիքները:

Հարց. - Պարոն նախարար, Դուք, փաստորեն, դրական եք գնահատում այդ հանդիպումը, սակայն Ձեր ելույթի եւ դրան հաջորդած՝ Էլմար Մամեդյարովի ելույթի միջեւ հստակ հակասություններ կան: Դուք Ձեր ելույթում նշել եք, որ Լեռնային Ղարաբաղը կայուն ճանապարհով է ընթանում, տնտեսական աճ է արձանագրել, նշում եք Ղարաբաղի հաջողությունների մասին, եւ ճիշտ հակառակ մեկնաբանություններով է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարը՝ որ «Հայաստանը միֆեր եւ առասպելներ է տարածում իր պատմական անցյալի եւ Ղարաբաղում հաստատված ռեժիմի տնտեսական նվաճումների մասին»: Ի՞նչ կարող եք ասել այս մեկնաբանությանն ի պատասխան:

Վ. Օ. - Ղարաբաղը երեւակայական մի վայր չէ, այսօր Ղարաբաղ բոլորը կարող են այցելել: Միջազգային հանրությունը գնում է Ղարաբաղ եւ կարող է իր աչքով տեսնել, թե այսօր ինչպիսին է իրավիճակը Ղարաբաղում: Հատկապես այն մարդիկ, ովքեր այնտեղ եղել են 1991-92 թվականներին, 1996 թվականին, այսօր կարող են իրավիճակը տեսնել եւ համեմատության մեջ իրենց կարծիքը հայտնել:

Ադրբեջանի փորձերը՝ հակադրվելու իմ ասածին, անտեղի են, եւ կոնկրետ արդյունքները, կարծում, ակնհայտ են: Այնպես որ, այդ հարցին նույնպես ես չեմ ուզում անդրադառնալ:

Երեւի պարոն Մամեդյարովը փորձում էր պատասխանել իմ ասածներին, որովհետեւ իր ելույթը իմ ելույթից մի քանի ժամ հետո էր, եւ նա հնարավորություն էր ունեցել իր ելույթը համապատասխան փոփոխությունների ենթարկել եւ փորձել պատասխանել որոշ հարցերի, որոնք ես բարձրացրել էի:

Այստեղ էականը դա չէ, այլ այն, որ իմ ելույթում մենք հաստատում էինք մեր համաձայնությունը այսօր սեղանի վրա եղած սկզբունքներին, իսկ Ադրբեջանը՝ ոչ բացահայտ, տողատակում, անընդհատ ցույց է տալիս, որ փորձ է անում հետ կանգնել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել առայսօր: Եվ սա է հիմնական մտահոգությունը:

Կարծում են, դա գալիս է ապացուցելու այն բոլորը, ինչ այսօր տեղի է ունենում՝ որ դրանք միտված են վիժեցնելու Մինսկի գործընթացը:

Այստեղ մեր առաջ խնդիրը հետեւյալն է՝ որ Ադրբեջանը փորձում է գործընթացը վիժեցնել Հայաստանի ձեռքով: Ուղղակի դիվանագիտությունն այստեղ այնպես պետք է ընթացք ստանա, որ Ադրբեջանը այդ նպատակին չհասնի, բացահայտվեն նրա միտումները, եւ մենք կարողանանք Մինսկի խմբի շրջանակներում փորձել վերակենդանացնել եղած փաստաթուղթը եւ Ադրբեջանին իսկապես պարտադրել իր խոստումներից հետ չկանգնել եւ վերադառնալ բանակցությունների սեղանին:

Հարց. - Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հարցը դեռեւս բանակցությունների սեղանի՞ն է:

Վ. Օ. - Հանրաքվեի գաղափարը փաստաթղթում է, դա չի փոփոխվել, բայց Ադրբեջանը անընդհատ, կարծես թե, անուղղակի փորձում է հրաժարվել դրանից:

Այո, այդ միտքը կա փաստաթղթում, եւ երբ մենք վերսկսենք բանակցությունները, կարծում ենք, որ դա առանցքային խնդիրներից մեկն է լինելու:

Հարց. - Ձեր հաջորդ հանդիպումը ե՞րբ կկայանա՝ լինի դա Մինսկի խմբի համանախագահների, թե Մամեդյարովի հետ:

Վ. Օ. - Մենք հեռախոսային կապի մեջ կլինենք համանախագահների հետ՝ ճշտելու հետագա անելիքները, որովհետեւ որոշ առկախ հարցեր մնացին, համենայն դեպս, նրանք պետք է միմյանց հետ քննարկեն իմ կողմից արծարծված խնդիրները: Դրանից հետո մենք անպայման կապի մեջ կլինենք, եւ նրանց կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո արդեն կորոշենք մեր հետագա անելիքները:

Ես ինքս չեմ բացառում բանակցությունների շարունակումը մոտ ապագայում: Հաստատ կարող եմ ասել, որ համանախագահների հետ առանձին հանդիպումներ միշտ էլ կլինեն:

Չեմ բացառում համանախագահների այցելությունը տարածաշրջան: Բայց նաեւ հնարավոր է, իհարկե, ինչպես բոլորի համար ցանկալի է, ուղիղ բանակցությունների վերսկսում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ եւ նախարարների մակարդակով, եւ նախագահների:

Բայց դեռեւս դրանք անորոշ են եւ կհստակեցվեն միայն ու միայն որոշ ժամանակ անց:

Հարց. - Իսկ հնարավո՞ր է նախագահների հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի օրերին՝ հոկտեմբերին:

Վ. Օ. - Դժվարանում եմ ասել այս պահին: Մինչեւ նախարարների հանդիպում չլինի, չենք կարող դեռեւս խոսել նախագահների հնարավոր հանդիպման մասին:

Հարց. - Ի՞նչ եք կարծում, համանախագահները գո՞հ են հանդիպումներից՝ եւ Ձեզ հետ, եւ Մամեդյարովի: Ի՞նչ տպավորություն ունեք:

Վ. Օ. - Ես չեմ կարող նրանց մտքերը կարդալ: Արտաքուստ տպավորությունն այն է, որ մենք իրարից բաժանվեցինք փոխադարձաբար բավարարվածությամբ, որովհետեւ իսկապես բովանդակային լուրջ քննարկում էր: Կարծես, սցենարներ եւ տարբերակներ են քննարկվել: Այնպես որ, զուտ դրանից դատելով՝ կարծում եմ, որ համանախագահները նույնպես պետք է գոհ լինեին այդ հանդիպումից:


Հրայր Թամրազյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG