Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի պատգամավորը հետամուտ է լինելու Թուրքիայի վերաբերյալ զեկույցից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը հանելուն


Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր, Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախագծի հեղինակ Քամիել Յոռլինգսը հայտարարել է, թե կանի հնարավորը՝ «շտկելու իրավիճակը» այս շաբաթ զեկույցի քվեարկության ժամանակ:

Միաժամանակ, Turkish Daily News օրաթերթի հարցազրույցում նա շեշտել է, թե միայն ինքը չէ պատասխանատու զեկույցի վերջնական բովանդակության համար:

Յոռլինգսը հույս է հայտնել, թե վերջնական քվեարկությունը Եվրախորհրդարանում զեկույցը ամբողջությամբ կհամապատասխանեցնի իր հեղինակած նախագծին:

«Դա նշանակում է, որ մենք կհանենք Հայոց ցեղասպանությունը` որպես նախապայման, եւ կվերադառնանք իմ զեկույցի նախնական տեքստին», - պարզաբանել է հոլանդացի պատգամավորը: - «Մենք կհանենք նաեւ պոնտացի հույների եւ ասորիների ցեղասպանությունների առնչությամբ թյուրըմբռնումները»:

Յոռլինգսի զեկույցում Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը փոփոխություններ էր կատարել, որոնցով, մասնավորապես, Թուրքիայից պահանջվում էր բացել Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես Եվրամիությանը անդամակցության նախապայման:

Թուրքիայի վերաբերյալ զեկույցը Եվրախորհրդարանը քննարկելու է այսօր մեկնարկած նստաշրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG