Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 23-ը սեպտեմբերի)


«Ժամանակ-Երեւան» թերթի թղթակցի հարցին, թե «հնարավո՞ր է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ֆորմատը փոխվի, այդ խնդրով զբաղվի մեկ այլ կառույց, դիցուք՝ ՄԱԿ-ը, նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը պատասխանել է. «Դե համենայնդեպս, Ադրբեջանը դա է ցանկանում եւ կարծես ինչ-որ հաջողություններ արձանագրում է»։ Իսկ ընդհանրապես, ըստ Փափազյանի, «հիմնախնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը հզոր ճնշում չի գործադրել կողմերի վրա», ավելին՝ «քանի դեռ հարցը չի մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական դաշտին, գրել է. «Երբ «Օրինաց երկիրը» հայտարարեց, որ դառնում է ընդդիմություն, ընդդիմադիր ճամբարը տեւական ժամանակ կատաղած էր։ Գործող ընդդիմության բոլոր լիդերներն իրենց պարտքը համարեցին հիշեցնել, որ ընդդիմադիր դաշտում Արթուր Բաղդասարյանի համար տեղ այնքան էլ չկա։ Եվ նրանք ճիշտ էին»: Ապա մեկնաբանը բացատրել է. «Ընդդիմության զբաղմունքն այնքան քիչ է, որ մեկ լրացուցիչ ընդդիմադիր բերանի կարիք ուղղակի չկա։ Բացի այդ, հայաստանյան ընդդիմությունը վաղուց վեր է ածվել մաֆիայի, որտեղ բոլորը բոլորի այիբներն ու մոլորությունները գիտեն, որտեղ բոլորը գիտեն, որ իրենք բոլորով ոչնչով չեն զբաղվում, եւ բոլորը գիտեն, որ այդ մասին հրապարակային հայտարարություններ չպետք է լինեն։ Այսինքն, մաֆիայի շրջանը փակված է, եւ ընդդիմություն աշխատող եւս մեկ քաղաքական ուժ իրենց պետք չէ»։

«Ում է ընդդիմադիր ընդդիմությունը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ը, արձանագրելով, որ «հայրենի ընդդիմադիրները ահա արդեն քանի տարի է ոչ մի կերպ չեն կարողանում միավորվել ու միասնաբար հանդես գալ», թվարկել է այդ վիճակի պատճառները: «Ընդհանրապես՝ Հայաստանի հիմնական դժբախտությունը այն է, որ պաշտոնները քիչ են, իսկ հավակնորդները՝ անհամար», - գրում է թերթը: Երկրորդ պատճառը, որով հայրենի ընդդիմությունը չի կարող միավորվել, ըստ թերթի, գաղափարական տարամետությունն է եւ աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ «Այսօր ընդդիմության դաշտում են թե՛ ծայրահեղ լիբերալները, թե՛ ծայրահեղ ազգայնականները, թե՛ հեղափոխականները, թե՛ իրենց կենտրոնամետ անվանողները, թե՛ սոցիալիստները։ Դրան գումարած՝ մի մասի համոզված արեւմտամետությունը եւ մյուս մասի երդվյալ ռուսամետությունը», -մասնավորեցրել է մեկնաբանը։

«168 ժամ» թերթի անցկացրած քննարկման «Հայաստանին պե՞տք է արդյոք ժողովրդավարություն» հարցին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մասնավորապես, պատասխանել է. «Ամենաճիշտը ժողովրդավարական որոշում կայացնելն է՝ իհարկե, չափի մեջ հարմարեցնելով մեր պետության նպատակներին։ Չի կարելի մոռանալ, որ Ղարաբաղի պատերազմ ունենք, Թուրքիայի նման հարեւան ունենք, ճանապարհ չունենք»: «Եթե ժողովրդավարությունը լինի հավատ իշխանությունների նկատմամբ, մենք շատ ավելի մեծ արդյունք կունենայինք։ Մենք համբերություն չունենք», - ասել է վարչապետը։

«Առավոտ» թերթի վերլուծաբանը, պնդելով, թե «դեռեւս Հայաստանում է գտնվում հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Վյաչեսլավ Իվանկովը՝ Յապոնչիկը», փոխանցել է, թե նրա այցի նպատակը պայմանավորված է եղել հանցագործ աշխարհում հայտնի երեք հայերի՝ «Լենինգրադցի Միշայի», գյումրեցի «Բենոյի» եւ «Հայ-Հույի», սպանության կամ մահվան փաստերով։ Ըստ թերթի աղբյուրների, Իվանկովը իր բարձրացրած հարցերի շուրջ սպառիչ պատասխան այդպես էլ չի ստացել, որովհետեւ այդ սպանություններին «անմիջականորեն առնչվողները, որոնք նաեւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ են, փորձում են էլի երկարացնել հատուցման պահը եւ պատճառ են բերել Հայաստանի խառը վիճակը՝ կապված անկախության տարեդարձի հետ»։



Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG