Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը դեմ է Հայաստանը շրջանցող երկաթուղուն


ԱՄՆ-ի Սենատի բանկային, բնակշինարարության եւ քաղաքաշինության հարցերով հանձնաժողովը հինգշաբթի օրը հաստատել է հարավկովկասյան երկաթուղու շինարարության ֆինանսավորումը արգելելու մասին որոշումը:

Օրենսդիրները հաստատել են «Էքսպորտ-Իմպորտ» բանկի 2006 թվականի գործառույթը, որն ընդգրկում է կետ այն մասին, որ չեն հատկացվի ֆինանսներ այնպիսի թանկ եւ ոչ անհրաժեշտ երկաթգծի կառուցման համար, ինչպես Հայաստանը շրջանցող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան երկաթուղին է:

Փոփոխությունը, որը օրենքում ներկայացրել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ընդունվել է հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Շելբիի եւ ավագ անդամներից Փոլ Սարբենսի կողմից:

«Հայաստանը ԱՄՆ-ի բարեկամ պետություններից է, եւ մեր կառավարությունը չպետք է աջակցի այնպիսի ծրագրերի կամ նախաձեռնությունների Հարավային Կովկասում, որոնք բացառում են որեւէ երկիր», - ասել է սենատոր Ռիք Սանթորումը:

Սենատոր Մենենդեսն ասել է. - «Մենք չենք կարող խառնել հակամարտությունների մոխիրը՝ ամենակարեւոր երկրներից մեկին դիտավորյալ կերպով բացառող ծրագրերին աջակցելով: Օրենքում այս փոփոխությունը արդարության մասին է, որով հղում ենք հստակ ուղերձ, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Կովկասում տնտեսական եւ տարածաշրջանային ինտեգրացումը»:

Հանձնաժողովի՝ հինգշաբթի օրը կայացրած որոշումը ապահովում է Ներկայացուցիչների տան լիագումար նիստի ժամանակ համապատասխան քվեարկություն եւ հզոր ուղերձ է հղում Բաքվին ու Անկարային, որ նրանց նման փորձերը ուղղված են ընդդեմ տարածաշրջանի կայունության:

Սենատի թիվ 2461 բանաձեւը արգելում է Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցման ֆինանսավորումը: Ներկայացուցիչների տանը նմանատիպ բանաձեւ են ներկայացրել Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոունը, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամ Ջորջ Ռադանովիչը: Բանաձեւը մինչ օրս ստացել է 100 օրենսդիրների աջակցությունը:

Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնել Սենատի հանձնաժողովին Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ֆինանսավորման դեմ հանդես գալու համար:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG