Մատչելիության հղումներ

Թրքախոս երկրների համաժողովը Հայաստանին կոչ է արել անհապաղ ազատել Ադրբեջանի «գրավյալ տարածքները»


Թրքախոս երկրների 10-րդ համաժողովը, որը այսօր ավարտել է աշխատանքը Թուրքիայի Անթալիա քաղաքում, որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, ընդունված փաստաթղթում, մասնավորապես, ասված է, թե բոլոր թրքախոս պետությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ միասնական է՝ «Հայաստանը պետք է առանց որեւէ նախապայմանի հեռանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

«Թրքախոս պետությունները առավելագույն ջանքերը կգործադրեն, որպեսզի միլիոնավոր ադրբեջանցի փախստականները վերադառնան իրենց տները», - ասված է փաստաթղթում:

Իսկ եթե Հայաստանը չազատի Ադրբեջանի «գրավյալ տարածքները», ապա, ըստ համագումարի ընդունած փաստաթղթի, «ամբողջ թրքախոս աշխարհը կհամախմբի ջանքերը այդ ուղղությամբ»:

Համաժողովին, որ աշխատանքներն սկսել էր երկուշաբթի օրը, հրավիրված էր ավելի քան հազար մարդ՝ 9 երկրներից, 6 դաշնային նահանգներից, երկու ինքնավար հանրապետություններից եւ 11 համայնքներից: Մասնակիցների թվում էին Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մեհմեթ Ալի Թալաթը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահն իր ելույթում թրքախոս երկրներին միավորման կոչ էր արել, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հայտարարել էր, մասնավորապես, թե Ադրբեջանը «երբեք թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծում իր հողերի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG