Մատչելիության հղումներ

Բժշկական համալսարանի ռեկտորը վրեժխնդի՞ր է լինում


Սահմանված ժամկետում` մինչեւ սեպտեմբերի 10-ը, նրանք չեն կարողացել վերահանձնել քննությունները եւ բուհում նրանց ընդառաջելու մտադրություն այլեւս չկա: Հնդիկ ուսանողները սա որակում են ռեկտորի գլխավորությամբ հրահրվող դիտավորություն` վկայակոչելով, որ բոլոր դուրս մնացող ուսանողներն ապրիլի 20-ին Բաղրամյան պողոտայում եւ խորհրդարանի շենքի դիմաց Գոհար Քյալյանի դեմ իրականացված բողոքի ակցիայի ակտիվիստներն են: Սա էլ նրանց հիմք է տալիս ենթադրել, որ բուհի ղեկավարությունը պարզապես վրեժ է լուծում իրենցից:

«Մենք որոշել ենք Հնդկաստանի բոլոր լրատվամիջոցներով հայտարարել, որ ռեկտորը առանց պատճառի հեռացրել է մեզ, թող մեր իշխանությունները միջամտեն եւ լուծեն այս հարցը», - «Մաքսլիբերթի»-ին ասաց հնդիկ ուսանողներից մեկը:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի բողոքի երթի առիթը բուհի երրորդ կուրսի ուսանող Պրաշանթ Անչալիայի մահն էր, որը վայր էր ընկել Զեյթունի ուսանողական հանրակացարանի վեցերորդ հարկից: Դեպքից անմիջապես հետո հնդիկ ուսանողները զանգել էին շտապ օգնություն եւ բուհի դեկանատ: Իրենց վկայությամբ, բուհի ընդհանուր բաժնի դեկան Աննա Սարգսյանը ժամանել էր 15 րոպե անց եւ բժշկական օգնություն չէր ցուցաբերել մահամերձին, իսկ շտապ օգնությունը հասել էր 40-45 րոպե հետո եւ մեքենայի մեջ էլ տղան մահացել էր: Հիշեցնենք նաեւ, որ՝ վրդովված իրենց ընկերոջ նկատմամբ նման վերաբերմունքից, մի քանի հարյուր հնդիկ ուսանողներ ուղեւորվել էին համալսարան՝ ռեկտորից բացատրություն պահանջելու, որն էլ, նրանց հավաստմամբ, ձեռքի համապատասխան ժեստով իրենց հայհոյել էր: Այնուհետեւ՝ նրանք հավաքվել էին խորհրդարանի մոտ՝ պահանջելով ռեկտորի հրաժարականը:

«Պառլամենտի մոտ բողոքի այդ երթին 100 հոգուց ավելի մասնակցում էինք, այդ ժամանակ ոչինչ չարեցին, բայց կամաց-կամաց հեռացնում են բուհից: 20-30-իս հիմա կհեռացնեն, մյուսներին էլ` երեւի հետո»,- նշեց չորրորդ կուրսի մի ուսանող: - «Ես չորս տարի այս բուհում սովորել եմ: Զրո կուրսից մինչեւ հիմա միշտ մեզ պարտքերը մարելու համար մինչեւ հունվար ժամանակ է տրվել, ինչո՞ւ այս տարի պահանջեցին մինչեւ սեպտեմբերի 10-ը հանձնել: Որովհետեւ վրեժ են լուծում»:

Բուհի ղեկավարությունը, ի դեպ, ուսանողների այս հիմնավորումների հետ ամենեւին էլ համաձայն չէ: Ռեկտորն ի սկզբանե հակադարձեց` հայտարարելով, որ ինքը ոչ ոքի չի հայհոյել, պարզապես «ամոթանք է տվել» իրեն անտեղի հայհոյանքներ հասցեագրած որոշ հարբած ուսանողների, ակամա կրկնելով այդ ժեստը: Իսկ այսօր 25 ուսանողների դուրս մնալը բուհի ղեկավարությունն ամենեւին էլ չի ցանկանում կապել այդ դեպքերի հետ:

«Ցածր առաջադիմության պատճառով այս տարի 177 ուսանող է հեռացվել, որոնցից ընդամենը 25-ն են հնդիկներ: Ի՞նչ է՝ ցածր առաջադիմության համար հայերը, իրանցիները, ամերիկացիները կարող են դուրս մնալ, հնդիկները չե՞ն կարող», - ասաց համալսարանի պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG