Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենը լրագրողների նկատմամբ բռնությունները համարում է «լուրջ սպառնալիք խոսքի ազատությանը»


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հինգշաբթի օրը, ամփոփելով իր ղեկավարած կառույցի վեցամսյա գործունեությունը, հատուկ ուշադրության արժանացրեց լրագրողների նկատմամբ հաճախակի դարձած բռնությունները:

«Այս 5-6 ամսվա մեջ, կարծես թե, արդեն համակարգ են դառնում լրագրողների նկատմամբ տարբեր ոտնձգությունները», - հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Հարությունյանը: - «Մենք համարում ենք, որ դա լուրջ սպառնալիք է խոսքի ազատությանը: Իրոք խոսքի ազատությունը վտանգված է: Մենք կոչ ենք անում համապատասխան բոլոր իրավապահ մարմիններին շատ լուրջ այդ հարցերին վերաբերել եւ բացահայտել դրանք»:

Նա հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը այլ ռեսուրսներ էլ ունի, որոնք անպայման օգտագործելու է, եթե լրագրողների դեմ բռնությունները շարունակվեն:

Հարցին, թե հույս ունի, թե կբացահայտվեն անցած շաբաթ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին ծեծի ենթարկած սափրագլուխները, Արմեն Հարությունյանը պատասխանեց. - «Եթե չբացահայտվի այս ամենը, ես իմ տարեկան հաշվետվությամբ այս ամբողջը` որպես երեւույթ, կներկայացնեմ: Մեր երկրում, թող իմանան, այս իրավիճակն է: Ուրիշ ի՞նչ կարող է անել մարդու իրավունքների պաշտպանը»:

Խոսելով զինծառայությունից խուսափելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված«Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի մասին, Արմեն Հարությունյանը համաձայնեց, որ դատարանի սահմանած պատիժը «բավական խիստ» է:

«Դա իրոք խիստ մոտեցում է», - ասաց նա: - «Կարծիքներ կան, որ նա ընդդիմադիր կեցվածք ունեցող թերթի խմբագիր է եւ դրա համար է, որ այդպիսի խիստ մոտեցում է եղել: Կարծում եմ, որ այդպիսի կարծիքները կարող են եւ հիմնավորված լինել... Այս ամենը ցույց է տալիս, որ այստեղ իրոք մտահոգվելու բան կա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG