Մատչելիության հղումներ

Հայաստանը մասնակցում է Սինգապուրում ԱՄՀ-ի համաժողովին


Սինգապուրում այսօր աշխատանքն է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի հերթական համաժողովը: Հայաստանը համաժողովում ներկայացնում են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Աշխարհի ամենահեղինակավոր ֆինանսական այս կառույցը, որն անցած տարի նշեց հիմնադրման 60-ամյակը, նպատակ է դրել կանխատեսել՝ ի՞նչ ուղիով է զարգանալու համաշխարհային տնտեսությունը առաջիկա տարիներին եւ արդյո՞ք հնարավոր են լուրջ գլոբալ բարեփոխումները:

ԱՄՀ-ի փորձագետների գնահատմամբ, 2001 թվականից ի վեր համաշխարհային տնտեսական ռիսկերը տարեցտարի աճում են: Գլխավոր պատճառներն են նավթի գնի կտրուկ աճն ու ամերիկյան տնտեսության զարգացման տեմպերի նվազումը:

Տնտեսագետների համոզմամբ, դարասկզբի գլխավոր տնտեսական հաջողակը Չինաստանն է, որն այսօր իր տնտեսական հզորությամբ աշխարհում չորրրորդն է՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից ու Եվրոպայի միանձնյա առաջատար Գերմանիայից հետո: Վերջինս երրորդ դիրքը պահում է մեծ դժվարությամբ: Գերմանիայի տնտեսության վերջին տարիների գլխավոր պրոբլեմը գործազրկության աննախադեպ բարձր ցուցանիշն է, հատկապես` նախկին ԳԴՀ տարածքում: Եվրոպական մյուս առաջատարների թվում սինգապուրյան հավաքի ներկայացուցիչները նշում են Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Տնտեսական աճի ցուցանիշներով վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել նաեւ Իսպանիան:

Հետխորհդային տարածքի պետություններից ԱՄՀ-ի հրապարակած առաջատարների ցուցակում նշված է միայն Ռուսաստանը, որի համախառն ներքին արդյունքի աճը հիմնականում ապահովվել է նավթի աճող գների հաշվին: Էներգակիրների վաճառքի հաշվին է, ըստ ամենայնի, որ Ռուսաստանին հաջողվել է առաջ անցնել այնպիսի զարգացած պետություններից, ինչպիսիք են Ավստրալիան կամ բանկային ծառայություններով հայտնի Շվեյցարիան:

Ֆինանսիստների սինգապուրյան հավաքում հրապարակված առաջատար քսանյակում կան նաեւ անակնկալներ: Այսպես, 19-րդ տեղը աշխարհում իր տնտեսական հզորությամբ զբաղեցրել է Թուրքիան, որը փոքր-ինչ առաջ անցել է Սկանդինավիայի տնտեսապես ամենահզոր երկրից՝ Շվեդիայից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG