Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 9-ը սեպտեմբերի)

Անդրադառնալով ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի կողմից Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի հաստատման մասին որոշմանը, ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանտու Կիրո Մանոյանը «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում նկատել է. - «ԱՄՆ-ում գործող հայկական կառույցները ապացուցեցին, որ կարելի է հստակ կեցվածք հակադրել պետքարտուղարության դիրքորոշումներին եւ թույլ չտալ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հետ կանչվի Ցեղասպանությունը ճանաչելու կամ անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը Ցեղասպանություն որակելու համար»։ «Չի բացառվում, որ Հոգլանդի թեկնածությունը մերժվի Սենատում։ Թեեւ կարող է հաստատվել նաեւ։ Եվ դա աշխարհի վերջը չէ», - ասել է Մանոյանն ու հավելել. - «Անշուշտ, պետք է հաշվի առնել նաեւ, որ Ջոն Մարշալ Էվանսի հետկանչը արդյունք է Թուրքիայի ակտիվ ձեռնարկումների։ Պատկերը, թերեւս, տխուր է հենց այն պատճառով, որ ամերիկյան իշխանությունը ենթարկվեց թուրքական ճնշումներին»:

Իր հերթին ԱՄՆ-ի դեսպանի՝ ժամանակից շուտ հետկանչի առնչությամբ նրա տիկինը՝ Դանա Էվանսը, «168 ժամ» թերթին տված ծավալուն հարցազրույցում պնդել է, որ իր ամուսինը հետ է կանչվել «ճշմարտությունն ասելու պատճառով». - «Դա իսկապես շատ հուզումնալից ժամանակաշրջան էր մեզ համար, քանի որ իմ ամուսինը հետ էր կանչվում այն բանի համար, որ ճշմարտությունն էր ասել այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին, եւ ցավալի էր, որ ճիշտ խոսելու համար նա պատժվում է»։ «Ամեն դեպքում, կարծում եմ, որ ասված խոսքերի համար պատիժը չափազանց խիստ էր», - գնահատել է դեսպանի տիկինը։

«Մացոն ծլվլաց» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը փոխանցել է, թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտեց չորս տարվա ազատազրկման: Թերթը հիշեցրել է. - «Մնացական Մարտիրոսյանը այն դատավորն է, որ ընդամենը պայմանական ազատազրկման է դատապարտել Պողոս Պողոսյանին սպանած «Կուկուին»: Իսկ «ՏԷՑ-ի կռուգի» հանրահայտ գործով անցնողներին, որոնք վերջերս Երեւանում նոր կրիմինալ օպերացիա սարքեցին, նույն Մարտիրոսյանը դատապարտել էր ծիծաղելի փոքր չափերի ազատազրկման»։

Հիմնավորելով սեփական կուսակցություն չհիմնելու եւ գործող կուսակցություններից որեւէ մեկի մեջ մտնելու իր շարժառիթները, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ասել է. - «Ցավոք սրտի, մեզանում շատ են էգոկենտրոն կուսակցությունները, որպես կանոն՝ խարիզմատիկ լիդերով, եւ, իրականում, կարծես թե շատ թույլ կուսակցությամբ։ Մենք այսօր ունենք ութ տասնյակից ավելի կուսակցություն, եւ ես վստահ եմ, եթե փողոցում ցանկացած անձի կանգնեցնեք եւ հարցնեք, ապա բնակչության առնվազն 99 տոկոսը լավագույն դեպքում, թերեւս, կթվարկի վեց-յոթ կուսակցություն, բայց ոչ՝ ութ տասնյակից ավելի։ Դա նշանակում է՝ մյուս կուսակցությունները չափազանց անդեմ են կամ իրականում կուսակցություն չեն», - եզրակացրել է նախարարը։

«Գոլոս Արմենիի» թերթը, փոխանցելով տարածված տեսակետը, թե «Արդարություն» դաշինքից Վիկտոր Դալլաքյանի եւ Թաթուլ Մանասերյանի հեռանալը քաղաքական ընտրության հետ ոչ մի կապ չունի, ու այդ մարդիկ իրենց քայլով լուծում են անձնական շահով թելադրված պրոբլեմներ, զուգահեռել է. - «Եթե Դալլաքյանը, որն ընտրված է մեծամասնական ընտրատարածքից, համարում է, որ մանդատին պարտական է բացառապես ինքն իրեն ու այդ պատճառով կարող է անել այն, ինչ կամենա, ասենք` ընդդիմությունից տեղափոխվել օլիգարխի կուսակցություն, ապա Մանասերյանը պատգամավորական մանդատի համար պարտավոր է ոչ թե իրեն, այլ «Արդարություն» դաշիքին։ Չլիներ այդ դաշինքը եւ Ստեփան Դեմիրճյանի բարի կամքը, Մանասերյանը` իր գիտական կոչումներով ու տիտղոսներով հանդերձ, կբաժաներ բոլոր այն կրթված ու իրազեկ մարդկանց ճակատագիրը, որոնք կարող են օգուտ բերել երկրին, սակայն զրկված են նման հնարավորությունից», - ընդգծել է թերթը։

«Տիպիկ հայաստանյան պատկեր» վերնագրի տակ «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը գրել է, թե «վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները փորձում էին ժողովրդի զայրույթն ուղղել «ԱրմենՏել»-ի դեմ»։ «Պատճառն այն է, որ իշխանությունները հույներից չէին կարողանում էժան գներով խլել այս եկամտաբեր ընկերությունը», - գրել է թերթն ու ընդգծել. - «Հավաստի տեղեկությունների համաձայն, բջջային կապի ոլորտը բաժին է հասել ոչ անհայտ Արմեն Սարգսյանի VTEL-ին, իսկ քաղաքային կամ այլ կերպ ասած՝ լարային հեռախոսացանցը ռուսաստանյան ինչ-որ ընկերության»։ «Արմեն Սարգսյանի թիկունքին կանգնած է Սերժ Սարգսյանը, եւ, եթե հաշվի առնենք, որ նա երազում է նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին, ապա հասկանալի է դառնում, որ ընտրություններից առաջ հեռախոսակապի սակագների թանկացումը, մեղմ ասած, չի բարձրացնի իր հեղինակությունը», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Իսկ եթե գները բարձրանան մրցույթի պաշտոնական արդյունքները հրապարակելուց առաջ, ապա նոր սեփականատերերը կազատվեն այս գլխացավանքից եւ փոխարենը բավական մեծ շահույթներ կստանան»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG