Մատչելիության հղումներ

Հայաստանի բնակչությունը շարունակելու է նվազել


Համաձայն ՄԱԿ-ի այս տարվա զեկույցի, Հայաստանի բնակչությունը այսօր կազմում է 3 միլիոն, իսկ 2050 թվականին բնակչության հավանական թիվը կարող է նվազել մինչեւ 2,5 միլիոն:

Հայաստանում, ըստ զեկույցի, յուրաքանչյուր 1000 ծննդին բաժին է ընկնում 29 նորածնի, իսկ 100 հազար ծննդին՝ 55 կնոջ մահ, տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 68 տարի է, կանանցը` 75:

Նախկին խորհրդային տարածքից (բացառությամբ Բալթյան երկրների) միայն Հայաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում է բնակչությունը նվազելու:

Հայաստանի վիճակագրական պետական ծառայության ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ծառայութունը կատարում է միայն մշտական բնակչության թվաքանակի տվյալների նորացում, քանի որ առկա բնակչության թիվը հաշվարկվում է միայն մարդահամարից մարդահամար:

«Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 3 219 400 մարդ, որն իր մեջ ներառում է նաեւ մինչեւ մեկ տարով հանրապետությունից բացակայողներին: Այս տարի առաջին վեց ամիսների ընթացքում ծնվել է 17 513 երեխա, բնական աճը՝ հաշվի առնելով մահացությունը, կազմել է 3144: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 3574 մարդու բնական հավելաճ», - ասաց Կարինե Կույումջյանը:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի տնօրեն Լիլիթ Ասատրյանն էլ մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ երկու տարի առաջ կատարված հետազոտության համաձայն, վերարտադրողական տարիքի երիտասարդների 30 տոկոսը հիվանդ է ու այդ պատճառով ի վիճակի չէ երեխա ունենալ, այնպես որ Հայաստանի բնակչության նվազման վրա ազդում է նաեւ այս գործոնը:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG