Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ոտնձգությունը լրագրողի հանդեպ


«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խստորեն դատապարտում է հերթական ոտնձգությունը մամուլի ներկայացուցչի հանդեպ», - ասված է հինգշաբթի օրը Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ: - «Սեպտեմբերի 6-ին «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը մամուլի ազատության դեմ ուղված դատապարտելի հերթական իրողությունն է»:

Արմեն Հարությունյանը կոչ է անում հայաստանյան իրավապահ մարմիններին լինել «առավել հետեւողական»` ակնկալելով, որ «լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ցանկացած դեպք, առավել եւս ցանկացած բռնություն, պատկան մարմինների կողմից կբացահայտվի» եւ «մեղավորները կկրեն համարժեք պատիժ օրենքի ողջ խստությամբ»:

Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, Հայաստանի «Ինտերնյուս»-ը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Իրավունքի եւ ազատության կենտրոնը` դատապարտելով «լրագրողի նկատմամբ հերթական ահաբեկչությունը» եւ պահանջելով «իրավապահ մարմիններից՝ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքն իրագործողներին ու պատվիրատուներին»:

«Վերջին ամիսներին սպառնալիքներն ու բռնությունները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ հաճախացել են, սակայն մեղավորներն առ այսօր կամ չեն հայտնաբերվել կամ չեն պատժվել», - փաստում են հայտարարության հեղինակները: - «Մեզանում քաղաքական սրացումների ժամանակ հարվածը լրատվամիջոցներին ուղղելը կարծես տխուր ավանդույթ է դառնում: Սպասվող խորհրդարանական ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ ԶԼՄ-ների նկատմամբ նման վերաբերմունքի նոր թափով դրսեւորումները սպառնում են ընտրական գործընթացների թափանցիկություն ապահովելու հնարավորությանը»:

Հովհաննես Գալաջյանը այսօր, փորձելով բացատրել Հայաստանում լրագրողների նկատմամբ հաճախաղած բռնությունների պատճառները, ասաց. - «Պատճառը, կարծում եմ, շատ պարզ է: Հայաստանում այնպիսի վիճակ է, որ հնարավոր է կրիմինալ ճնշումների միջոցով լուծել հարց»:

Նա նաեւ ասաց, որ անցած գիշեր անանուն հեռախոսազանգ է ստացել` նոր սպառնալիքներով:

Ոստիկանության Արաբկիր համայնքի քննչական բաժինը փաստի առիթով հարուցել է քրեական գործ: Իրականացվում է նախաքննություն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG