Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Հեղաշրջում, իրոք, ծրագրվում էր»


Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին այսօր հայտարարել է, թե չորեքշաբթի օրը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալված ընդդիմադիր 29 ակտիվիստները պետական հեղաշրջում էին նախապատրաստում եւ «հետախուզման մեջ գտնվող «Արդարութուն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգոր Գեորգաձեի կողմնակիցներն են»:

«Նրանց բոլորին մեղադրանք է ներկայացվելու Քրեական օրենսգրքի 315 հոդվածով՝ պետական հեղաշրջման եւ իշխանափոխության փորձ», - ըստ «Ֆրանսպրես»-ի, հայտարարել է Մերաբիշվիլին՝ առանց մանրամասնելու:

Իսկ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կարծիքով, պետական հեղաշրջման մեջ մեղադրվողների պատիժը նախազգուշացում կլինի նրանց հովանավորների համար:

Պատասխանելով հարցին, թե որքանով էր իրական Վրաստանում պետական հեղաշրջման վտանգը, Սահակաշվիլին ասել է. - «Որքանով ինձ հայտնի է, իսկ մենք երբեք չեն չափազանցնում եւ ասում ենք ավելի քիչ, քան գիտենք, հեղաշրջում իրոք ծրագրվում էր»:

Վրաստանի պետական եւ մասնավոր հեռուստաընկերությունները եթեր են հեռարձակել մի տեսաժապավեն, որում իրավապահները զենք են առգրավում «Արդարություն» կուսակցության ձերբակալված անդամներից մեկի տան նկուղից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG