Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր սեպտեմբերի 1-ն է: Դպրոցի բարձր դասարանցիները մի քանի շաբաթ ձեւի համար դպրոց կգնան, հետո կցրվեն ամեն մեկն իր կրկնուսույցի մոտ», - գրում է «Առավոտ»-ը: - «Դա նույնպես հասարակական օրինաչափություն է, որի հիմքը «ստացիոնար» դպրոցի, ըստ էության, բացակայությունն է, որին ամբողջությամբ փոխարինել է «ռեպետիտորական դպրոցը»:

Պատասխանելով ՀՀԿ-ին քրեականացված լինելու մեջ մեղադրողներին, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Նման որակումները զրպարտություն են եւ քրեորեն պատժելի: Եթե կոնկրետ մարդկանց նկատի ունեն, ապա թող անուններ տան: Ընդհանրապես քրեական տարրերը պետք է գտնվեն մեկուսարաններում, բայց, ցավոք, կարծես տեղ են գտել որոշ այլ կուսակցություններում»:

«Իրավունք»-ի մեկնաբանը, փոխանցելով, թե Սերժ Սարգսյանի ջանքերով Հայաստանում էապես առաջ է մղվել ամերիկյան ազդեցության ընդլայնման ծրագիրը, եւ Սյունիքում ու Արցախում ամերիկյան ռադիոլոկացիոն կայաններ տեղադրելու վերաբերյալ բանակցությունները այլեւս գաղտնիք չեն ոչ ոքի համար, առանձնացրել է. - «Անշուշտ, ամերիկյան ազդեցության ընդլայնումը Ֆրանսիայի համար ախորժելի բան չէ, առավել եւս՝ որ Հայաստանը ավանդաբար համարվում է ֆրանսիական ազդեցության գոտի»։ Թերթը նկատել է, որ «վերջերս առավել քան հաճախ Անդրանիկ Մարգարյանը տարբեր պատրվակներով մեկնում էր Ֆրանսիա, եւ ոմանք շատ լուրջ հիմքեր ունեն կարծելու, որ նրան հաջողվել է իրոք վաստակել փարիզյան համապատասխան շրջանակների աջակցությունը»։

«Չնայած Ռոբերտ Քոչարյանը իր ծննդյան օրերին խնջույքներ չի կազմակերպում, նախորդ օրը երեկոյան նա այցելել է Երեւանի «Փարվանա» ռեստորան` Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի տեղեկություններով, այսօրինակ խնջույքի նախաձեռնությունը պատկանել է ՀՀԿ-ական եռյակին, եւ, բացի այդ, շնորհավորանքները այլ նպատակ էլ են ունեցել: Մասնավորապես, հրավիրող կողմը ցանկացել է Քոչարյանի հետ խոսել ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» հարաբերություններում հենց իր` երկրի առաջին դեմքի դերի մասին: Թե ինչ արդյունքներ է տվել խոսակցությունը, եւ կողմերը ինչ պայմանավորվածությունների են հանգել` առայժմ դժվար է ասել», - գրում է թերթն ու հավելում. - «ՀՀԿ-ական իշխանավորները շատ վստահ են գնացել այս հանդիպմանը` համոզված լինելով, որ Քոչարյանը չի մերժի իրենց խնդրանքը եւ մի քանի հարցերի վերաբերյալ կոնկրետ պարզաբանումներ կտա»: Թերթը նաեւ նշել է, որ ռեստորանը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

«Հայաստանն ապագայում կբարգավաճի, թե՞ կցեղակցվի»՝ ենթատեքստ պարունակող վերնագրի ներքո «Ժամանակ - Երեւան» թերթի մեկնաբանն այսօր այսպես է գնահատել Հայաստանի տնտեսական-քաղաքական զարգացումները. - «Քաղաքական դաշտն աղալուց, փոշիացնելուց, երկիրը մինչեւ վերջին խազն իզգոյացնել-մեկուսացնելուց հետո մեզանում, փաստորեն, Քոչարյանի ձեռամբ տեղի է ունենում տակը մնացածի խոշորացում՝ քաղաքական-տնտեսական առումներով, եւ, ընդսմին՝ մեկ կուսակցության ձեռքում, որի դե ֆակտո ղեկավարը տիրապետում է հայաստանյան էկոնոմիկայի ոչ ավելի, ոչ պակաս 25-30 տոկոսին (խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է)», - գրում է թերթն ու բաղդատում. - «Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Քոչարյանն աշխատում է «մեկ կլիենտի» հետ... փորձում է այդ քայլով մեկ կուսակցության «ներքո» հավաքել տնտեսության բոլոր եկամտաբեր ոլորտները միանվագ ու համաժամանակյա՝ պարբերաբար Սերժ Սարգսյանի «տակից» քաշելով «ավիակերոսինի» բաղդասարովյան, նրա եղբոր՝ Սաշիկի, այդ թվում եւ մնացյալ, ոչ ցանկալի օլիգարխների «ունեցվածքները»՝ շարժական եւ անշարժ»։

«Նախօրեին ԱԺ աշխատակիցներից մեկը ԱԺ շենք բախտ բացող է բերել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար, որպեսզի նա կանխագուշակի հոկտեմբերի 29-ին Աջափնյակում սպասվող ընտրությունների արդյունքները», - գրել է «Հայական ժամանակ»-ը: - «Հայտնի չէ, թե ինչ է ասել շամանը Գալուստին, սակայն նա գուշակին 10 հազար դրամ է տվել։ Իսկ երեկ արդեն նույն գուշակը, ԱԺ տարբեր վարչությունների աշխատակիցների հրավերով, շրջում էր խորհրդարանի սենյակներով, բայց ոչ բոլորն էին Գալուստ Սահակյանի նման շռայլ. շամանի կանխատեսումները խորհրդարանի շարքային աշխատակիցները գնահատում էին ընդամենը 500 դրամ»։

«Առավոտ»-ը փոխանցել է, թե «Հայաստանի Հանրապետության օրհներգի ընտրության հանձնաժողովի վերջին նիստում ակնհայտ է դարձել, որ 2-րդ փուլ անցած 5 տարբերակներից մեկի՝ Երվանդ Երզնկյանի երաժշտությամբ գրված տեքստի կեղծանունով հանդես եկող հեղինակը՝ Արարատ Բ-ն, հանձնաժողովի անդամ Ռազմիկ Դավոյանն է»: «Հանձնաժողովի իսկ սահմանած կարգի նման արտառոց խախտման դեմ ընդվզելով՝ հանձնաժողովից դուրս գալու մասին է հայտարարել բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը»: «Ի դեպ, նա մեկն էր հանձնաժողովի այն 2-3 անդամներից, որոնք իրենց ձայնը տվել էին 2-րդ փուլ չանցած «Մեր Հայրենիքին» եւ Կոմիտասի «Հայաստանին», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG